Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմէն Երիցեանը փետրուարի 3-ին ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Սէյեդ Քազեմ Սաջջադիին եւ ԻԻՀ դեսպանութեան խորհրդական Սոբհանի Փարին: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարութիւնից:

Շնորհաւորելով պարոն Սաջջադիին դեսպանի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ՝ նախարար Երիցեանը ներկայացրեց ՏԿԱԻՆ-ի ծառայութիւններն ու գործառոյթները՝ նախանշելով այն բնագաւառները, որոնցում նախարարութիւնը կարող է նպաստել հայ-իրանական համագործակցութեան խորացմանը: Նախարարը ներկայացրեց նաեւ իր այցը Իրաքի Հանրապետութիւն՝ նշելով, որ քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը:

Շնորհակալութիւն յայտնելով նախարարին ջերմ ընդունելութեան համար՝ դեսպան Սէյեդ Քազեմ Սաջջադին նշեց, որ նպատակ ունի խորացնել Հայաստանի եւ Իրանի համագործակցութիւնը բոլոր բնագաւառներում:

ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքների մասով քննարկուեց համագործակցութիւնը սեյսմիկ պաշտպանութեան, փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման, բնական եւ տեխնածին աղէտների կանխման բնագաւառում:

Տարածքային կառավարման ոլորտում առանձին մարզերի եւ քաղաքների միջեւ համագործակցութիւնը խորացնելու նպատակով դեսպանը նախարար Երիցեանին խնդրեց ՏԿԱԻ նախարարութեան անունից հրաւէր ուղարկել Իրանի Հանրապետութեան Իսպահանի, Հորմոզգանի, Գիլանի նահանգապետերին եւ Թեհրանի մարզպետին: Այցի նպատակն է խորացնել Իրանի եւ Հայաստանի մարզերի համագործակցութիւնը գիւղատնտեսութեան եւ յատկապէս ձկնաբուծութեան ոլորտում:

Կարեւորելով երկու երկրների միջեւ մերձեցումը նաեւ մարզային մակարդակով՝ նախարար Երիցեանը յանձնարարեց պատրաստել համապատասխան հրաւէրները՝ հաւաստիացնելով դեսպանին, որ ՏԿԱԻ նախարարութիւնն իր գործառոյթների ոլորտում կանի ամէն ինչ հայ-իրանական համագործակցութիւնը խորացնելու եւ որակապէս նոր մակարդակի վրայ բարձրացնելու համար: