Աղբիւր՝ www.yerkir.am
Շուէյցարիայի Համադաշնութեան մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԼՂ հիմնահարցի կարգաւորմանն ուղղուած` Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի բանակցութիւնները: Հանդիպումը սկսուել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիայ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցութեամբ:
Բեռնում Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել նաեւ Շուէյցարիայի արտաքին գործերի դաշնային դէպարտամենտի ղեկավար Դիդիէ Բուրկհալտերի հետ:
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ
Աղբիւր՝ www.yerkir.am
Շուէյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ տեղի ունեցած գագաթնաժողովից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիւն (Ֆրանսիայ) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ յայտարարութիւն են տարածել:
«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնութիւնների դէպքերը եւ յատուկ մտահոգութիւն են յայտնել զոհերի հետ կապուած՝ այդ թւում եւ քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանաւորուած ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ: Նախագահներն իրենց աջակցութիւնն են յայտնել համանախագահների կողմից տարուող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղուած են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնութեան ռիսկերի նուազեցմանը՝ ներառեալ հետաքննութիւնների մեխանիզմ կիրառելուն:
Նախագահներն իրենց պատրաստակամութիւնն են յայտնել շարունակել ներգրաւուածութիւնը բանակցային կարգաւորման առաջարկների շուրջ: Նրանք նաեւ վերահաստատել են իրենց յանձնառութիւնը Մինսկի խմբի ձեւաչափին:
Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ բանակցային կարգաւորման միջնորդութեան հարցում»,- ասւում է Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեան մէջ: