Աղբիւր՝ www.yerkir.am
17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԶՈՀԻ ՄԱՍԻՆ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի Ազգային բանակի զինվոր Ռաշադ Ալիյար օղլու Ջաֆարաձեն: Այդ մասին հայտնում է haqqin.az-ը` երկրի ՊՆ-ին հղումով: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել երեկ երեկոյան:
Նշենք, որ հակառակորդը շարունակում է կրակել տարբեր տրամաչափի զինատեսակներից` խախտելով հրադադարի ռեժիմը:
18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ. 3 ԶՈՀ ՈՒՆԵՆՔ
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում, ծանր կորուստներ կրելով, հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող` 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՄԵԿ ԶՈՀԻ ՄԱՍԻՆ
Դեկտեմբերի 17-ին սահմանին զոհվել է ադրբեջանական բանակի շարքային զինծառայող Թալեհ Սալեհ օղլու Քերիմովը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում, ծանր կորուստներ կրելով, հակառակորդը հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԵՏԵՒԱՆՔ ՉԵՆ ՄՆԱԼՈՒ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունները, որով Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը:
Հստակ գիտակցելով, որ տվյալ գործողությունները անհետեւանք չեն մնալու, ադրբեջանական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին եւ կիսում է կորստյան ծանր վիշտը:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին ՊԲ հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով տեղակայված զորամասերի պահպանության վեց տեղամասերի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ:
Հայկական կողմի ակտիվ գործողությունների արդյունքում բոլոր վեց ուղղություններում հակառակորդի ձեռնարկած սադրիչ դիվերսիոն գործողությունները կանխվել են, նախահարձակ գործողությունները ճնշվել են:
Ցավոք, դիրքերից մեկում մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը:
19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԳԻՇԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ. 1 ԶՈՀ ՈՒՆԵՆՔ
Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և, հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: