Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմը հայկական գիւղի տեղահանութիւնից յետոյ ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է:

2016 թւականին հանրութեան դատին յանձնւելիք ֆիլմը, ռեժիսորի հաւաստմամբ, սիրոյ եւ դրանից ծնւող ինքնազոհողութեան մասին է: Սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրեանը եւ Մասիս Բաղդասարեանը: Երաժշտութիւնը գրում է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, «Սիսթեմ աֆ ը Դաուն» ալտերնատիւ մետալ­ռոք խմբի մենակատար Սերժ Թանկեանը:

«Արմէնպրես»-­ը նոր ֆիլմի մասին զրուցել է ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի հետ:

«Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներն արդէն աւարտւած են

Իմ նախորդ`«Թեւանիկ» ֆիլմի նկարահանումներն աւարտելուց յետոյ սկսեցի «Վերջին բնակիչը» ֆիլմի աշխատանքները:

Վերջինիս նախագիծը նախորդ տարի` «Թեւանիկ» ֆիլմի հետ ներկայացրել էի Կաննի 67­րդ փառատօնի կինոշուկայում: «Թեւանիկը» նկարագրում է պատերազմական իրավիճակում յայտնւած գիւղի երեք պատանիների մէկ օրւայ կեանքը: «Վերջին բնակիչը» ֆիլմի գլխաւոր հերոսները ծայրահեղ լարւած պատերազմական իրավիճակում յայտնւած եօթանասունն անց մարդիկ են:

Միջազգային համագործակցութեան արդիւնք­ֆիլմ

Այս անգամ ցանկացայ ստեղծել մի ֆիլմ, որը ծնունդ կառնի միջազգային համագործակցութեան արդիւնքում: Ֆիլմում իրենց մասնակցութիւնն են ունեցել դերասաններ, ովքեր մեծ ճանաչում ունեն աշխարհի տարբեր մասերում:

Հայ ճանաչւած եւ սիրւած դերասանների` Ալեքսանդր Խաչատրեանի, Սոս Ջանիբեկեանի հետ գլխաւոր հերոսներին կերպաւորում են աշխարհահռչակ դերասան Հոմայուն Էրշադին` Իրանից եւ Լիտւայում մեծ ճանաչում ունեցող դերասանուհի` Սանդրա Դաուկշայտէն: Միւս հայ դերասանների` Բաբկէն Չոբանեանի, Նարինէ Պետրոսեանի, Էլֆիք Զոհրաբեանի կողքին խաղում են նաեւ Դիմիտրա Խատուպին` Յունաստանից, Աննէ Բեդիանը` ԱՄՆ­ից, Արմէն Գրիգորեանը (Գրէյգը)` Ռուսաստանից:

Ֆիլմը հայկական գիւղում մնացած միակ հայ բնակչի մասին է

Ֆիլմում ներկայացւած են 1988­89 թթ. դէպքերը: Պատմութիւնը հայկական գիւղի տեղահանութիւնից յետոյ ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է: «Վերջին բնակիչը» ֆիլմի թեման կապւած է Արցախի, Սումգայիթեան ողբերգութեան հետ, որոնք իրենց հետքն են թողել հազարաւոր մարդկանց ճակատագրերի վրայ: Մարդկանց հետ տեղի են ունեցել բազմաթիւ պատմութիւններ, որոնք համամարդկային տարողութիւն ունեն: Պէտք է ուղղակի նկատել, պատմել...

Բարդութիւններ, դժւարութիւններ

Բաւականին բարդ աշխատանքային օրեր ենք ունեցել, դժւարութիւնների շատ ենք հադիպել, բայց կարողացել ենք յաղթահարել: Առաջին հերթին, իհարկէ, ֆիլմի սիւժէն էր, որ մարդկանց գրաւեց: Ֆիլմի բոլոր դերասանները սիրեցին պատմութիւնը, գաղափարը եւ սիրով ցանկացան խաղալ իրենց առաջարկւած կերպարները: Ինձ համար մեծ պատասխանատւութիւն էր ունենալ այսպիսի թիմ: Միայն հաղորդակցութիւնն արդէն խնդիր էր, հաղորդակցւում էինք մի քանի լեզուներով: Բոլոր խնդիրները լուծւեցին շնորհիւ ֆիլմի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի եւ բծախնդիր աշխատանքի:

Արցախեան նկարահանումներ

Նկարանումներն իրականցրել ենք Արցախում` իմ հայրենի գիւղում` Խաչմաչում: Գիւղի պատկերը ես վաղուց նախագծել էի իմ մտքում` որպէս այս ֆիլմի գործողութիւնների վայր, եւ այն յաջողութեամբ ի կատար ածեցինք: Ֆիլմի նկարահանումները սկսեցինք այս ամռանը` օգոստոսի 8­ից եւ աւարտեցինք օգոստոսի 30­ին: Մեր պատրաստւածութիւնը թոյլ տւեց 22 օրւայ մէջ իրակացնել լիամետրաժ ֆիլմի նկարահանումները: Այժմ ֆիլմը հետարտադրական փուլում է`մոնտաժային, ձայնային աշխատանքներ, երաժշտութիւն եւ այլն:

Սերժ Թանկեանը ֆիլմի կոմպոզիտորն է

Ֆիլմի կոմպոզիտորը բոլորիս շատ սիրելի մարդ, երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկեանն է, ով այժմ երաժշտութեան արարման ճանապարհին է: Վստահ եմ, որ հիանալի աշխատանք է լինելու` համահունչ ֆիլմի իրադարձութիւններին եւ ասելիքին: Ես էլ մեծ ակնկալիքով սպասում եմ մեր հետարտադրական աշխատանքների աւարտին:

«Վերջին բնակիչը» ֆիլմը պատրաստ կլինի եւ հանդիսատեսի դատին կյանձնւի 2016 թւականի գարնանը:

«Վերջին բնակիչը» եւ «Թեւանիկ»

Եթէ համեմատենք իմ երկու ֆիլմերը, ապա նմանութիւններ կգտնենք: Երկուսն էլ առնչութիւն ունեն Արցախի հետ, դէպքերը պատերազմական նոյն պատմական իրադարձութիւնների ֆոնին են ծաւալւում, բայց երկուսի պատմութիւնները մէկը միւսից խիստ տարբեր են: Յուսով եմ, որ հանդիսատեսը կսիրի նաեւ «Վերջին բնակիչը» ֆիլմը:

«Վերջին բնակիչը» ֆիլմը սիրոյ եւ նրանից ծնւող ինքնազոհողութեան մասին է: Դա յոյս է տալիս, որ հակամարտութիւններից բզկտւող աշխարհում կեանքը կշարունակւի: Բայց ֆիլմը պատմելն իմաստ չունի, պէտք է նայէք: