Աղբիւր՝ www.yerkir.am

 

ԱԺ յանձնաժողովներում Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը ներկայացրեց 2016թ. բիւջէով նախատեսուած յատկացումները Սփիւռքի նախարարութեանը: Նա առանձնացրեց Սփիւռքի նախարարութեան հինգ կարեւոր ուղղութիւնները: Դրանցում կարեւոր տեղ ունի սփիւռքահայութեան ինտեգրման ծրագիրը:

ՕԵԿ խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանը հարց ուղղեց նախարարին, թէ ինչպէ՞ս են ինտէգրւում սիրիահայերը, որքա՞նն են մնում Հայաստանում: Հրանուշ Յակոբեանը նշեց, որ անցնող չորս տարիների ընթացքում Հայաստան եկել-գնացել է 20 հազար սիրիահայ, որոնցից 16 հազարը Հայաստանում են մնացել, իսկ 4 հազարը շարժման մէջ են, այսինքն՝մի մասը գնում-գալիս է Սիրիա, մի մասը տեղափոխուել է Եւրոպա՝ Շուէդիա, Գերմանիա, Կանադա:

Գնացողների հետ կապուած՝ նախարարը նշեց, որ այդ սիրիահայերը մտածել են, թէ շուտ կ'ինտէգրուեն Հայաստանում, ու աւելի թեթեւ կը լինի իրենց կեանքը: Յետոյ կան մշակութային եւ կենսակերպի տարբերութիւններ, եւ նրանց ժամանակ է պէտք, որ այդ ամէնը իւրացնեն:

Սփիւռքի նախարարութիւնն ամենաառաջին հերթին կենտրոնանում է սիրիահայերի բնակարանային վարձի ու նրանց աշխատանքով ապահովելու հարցերի վրայ: Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում մնացած սիրիահայերը ակտիւ են սպասարկման ոլորտում, եւ եթէ առաջ գործատուները դժուարութեամբ էին սիրիահայերին աշխատանքի վերցնում, ապա հիմա շատ ակտիւօրէն են ընդգրկում նրանց, որովհետեւ սիրիահայերը շատ ակտիւ են, աշխատասէր ու պատասխանատու,  կարելի է ասել՝ աշխատանքի նկատմամբ նոր մշակոյթ են բերել Հայաստան: