Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Երկքաղաքացիութիւն ընդունած Իրանի քաղաքացիները, Հայաստանի սահմանն աւտօմեքենայով հատելիս, արգելքի են հանդիպում. խնդիրը ԱԺ-ում կառավարութեան հետ հարցուպատասխանի ընթացքում բարձրաձայնել է ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:
Վարորդները հարկադրուած են մաքսային վճարումներ կատարել՝ պայմանաւորուած ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեամբ. պատգամաւորի հարցմանը պատասխանել են կառավարութիւնից: Գործադիրն արդէն համապատասխան հրահանգներ է իջեցրել, որոնց իրականացումն իրանահայերին կ'ազատի պարտադիր այդ վճարներից: Խնդիրը խորհրդարանում պարզաբանել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրեանը: Նա ասել է, որ Ֆինանսների նախարարութիւնում լիովին ծանօթ չեն եղել ԵՏՄ մաքսային օրէնսդրութեանը, այժմ արդէն դրանց ծանօթ են, եւ հրահանգն իջեցուած է. 181 օր մնալու դէպքում երկքաղաքացուց ոչ մի գանձում չի կատարւում։
«Մշտական բնակութիւնն, այոյ, համարւում է 6 ամսից աւելի ժամկէտը եւ ոչ թէ 181 օրը: Ես կարծում եմ, որ խնդիրն ընդամէնը մաքսային կէտերին այս մասին համապատասխան հրահանգի իջեցումն է: Ու եթէ այդ հրահանգն արդէն կայ, ուրեմն, կարծում եմ, մեր իրանահայերն այդ խնդրից ազատուած կը լինեն»,- ասաց Ռուստամեանը։