Աղբիւր՝ www.armenian.irib.ir
«ԻՌՆԱ»-ն հաղորդել է, որ հինգշաբթի հոկտեմբերի 15-ին, Երեւանում կայացած Իրանի եւ Հայաստանի տնտեսական գործարարների համատեղ համաժողովի ժամանակ, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է.- «Նկատի առնելով, որ այաստանը ԵՏՄ-ի անդամ միակ երկիրին է, որը Իրանի հետ հարեւան է եւ հաշուի առնելով, որ հայ վաճառականները լաւատեղեակ են Եւրասիական Տնտեսական Միութեան, յատկապէս՝ Ռուսաստանի շուկայի մասին, ուստի Հայաստանը կարող է օգնել իրանցի արտադրողներին իրենց ապրանքները ԵՏՄ-ի շուկաներում վաճառելու համար»:
Ջահանգիրին յաւելել է.-«Հայաստանի հիւսիս-հարաւ մայրուղու եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերն այն կարեւոր խնդիրներն են, որոնք կարող են օգնել Հայաստանից ապրանքները դիւրութեամբ տեղափոխել Իրան, ուստի դա մեծ ազդեցութիւն կարող է ունենալ ոչ միայն երկու երկրի, այլեւ տարծաշրջանի վրայ»:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկայ նոյեմբերին Հայաստանի առեւտրական մի բարձրաստիճան պատուիրակութիւն ուղեւորուելու է Իրան: «Նախատեսուած է իրանցի եւ հայ առեւտրականների ներկայութեամբ նոյեմբերին Թեհրանում տեղի ունենայ տնտեսական համագումար, որի ընթացքում կը քննարկուեն այսօր Երեւանում կայացած համագումարի լրացուցիչ դրոյթները»:
Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սեւ ծով, իսկ այնտեղից էլ Բուլղարիայ տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղութեամբ:
«Սա կարեւոր է նաեւ Հայաստանի համար, քանի որ այն ելք չունի դէպի ծով եւ կարող է օգտագործել այս միջանցքը Պարսից ծով դուրս գալու համար: Մենք նոյնպէս կարող ենք օգտագործել այս միջանցքը՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքները, դուրս գալու Սեւ ծով»,- «Ազատութեան» հետ զրոյցում ասաց Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահմադ Ախունդին, ով Հայաստան է եկել Իրանի առաջին փոխնախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում: «Այս նպատակով քառակողմ համագործակցութեան մասին է խօսուել՝ Իրան, Հայաստան, Վրաստան եւ Բուլղարիայ»,- յաւելեց Ախունդին:
Իրանցի պաշտօնեայի խօսքով, հայկական կողմի հետ քննարկուել են նաեւ երկու երկրները կապող աւտոմայրուղու վերանորոգման եւ երկաթգծի կառուցման հարցերը:
«Երկաթգծի կառուցման հարցը յատկապէս հետաքրքրում է հայկական կողմին: Իրանական հատուածում այն գրեթէ պատրաստ է, գործում է մինչեւ Ջուլֆայ եւ Ջուլֆայից մինչեւ Մեղրի ընդամէնը 60 կիլօմետր է, իսկ հայաստանեան հատուածը աւելի երկար է: Հայկական կողմը ցանկանում է վստահ լինել, որ եթէ երկաթուղու հայաստանեան հատուածը կառուցուի, աւարտին կհասցուի նաեւ իրանական մասը»,- նշեց Իրանի տրանսպորտի նախարարը:
Հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը Հայաստանի իշխանութիւնների օրակարգում է 2008թ.-ից, երբ ընտրութեան առաջին տարում նախագահ Սարգսեանը Ազգային ժողովում այդ մասին խոստում տուեց: Մինչ այժմ, սակայն, այդպէս էլ չի յաջողուել գտնել ռազմավարական նշանակութեան այդ նախագծի ֆինանսաւորման աղբիւրը:
Անցած ամիս վարչապետ Հովիկ Աբրահամեանի Չինաստան կատարած այցից յետոյ էկոնոմիկայի նախարար Կարէն Ճշմարիտեանը լրագրողներին յայտնեց, որ չինական կողմը սկսել է ուսումնասիրել երկաթգծի նպատակայարմարութիւնը, եւ եթէ այն շահաւէտ գնահատուի, Պեկինը կը ֆինանսաւորի 3.2 միլիարդ դոլար գնահատուող նախագիծը։
Այսօր Իրանի տրանսպորտի նախարարից հետաքրքրուեցինք՝ իր գնահատմամբ ե՞րբ իրականութիւն կը դառնան հայ-իրանական երկաթգիծը եւ իր նշած ծրագրերը:
«Պարսից ծոցից մինչեւ Բուլղարիայ միջանցքը կարելի է արագ կեանքի կոչել, այստեղ խնդիրը գլխաւորապէս վերաբերում է փոխադարձ համաձայնութիւնների ձեռք բերմանը: Երկաթուղու հետ կապուած՝ կարող եմ ասել հետեւեալը՝ քանի որ աշխատանքի մեծ մասը պէտք է արուի Հայաստանում, մենք վստահեցրել ենք հայկական կողմին, որ երբ 3 միլիարդ դոլար ներդրման 1/3-րդը արդէն կատարուած լինի, իրանական հատուածի երկաթգիծը մենք կը կառուցենք»,- նշեց Ախունդին:
Այսօր Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հայաստանեան այցի վերջին օրն է: Առաւօտեան բարձրաստիճան հիւրը Մատենադարանում էր, այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամեանի հետ մասնակցեց Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Ջահանգիրիին ընդունել է նաեւ նախագահ Սարգսեանը` համոզմունք յայտնելով, որ եկել է ժամանակը երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ հայ-իրանական յարաբերութիւնների մակարդակը եւս մէկ աստիճանով բարձրացնելու: