Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

Ռազմական լուսանկարիչ Ջէք Պիկոնեն շատ երկրներում եղել է ռազմական գործողութիւնների էպիկենտրոնում, այդ թւում նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Հէնց Ղարաբաղեան պատերազմն է դարձել պատերազմական պայմաններում աշխատելու նրա առաջին իսկական փորձը:

NEWS.am-ի փոխանցմամբ՝ Al Jazeera Magazine-ում հրապարակուած իր նօթերում լուսանկարիչը նշում է, որ շատերը կարծում են, թէ նման աշխատանք անում են միմիայն յանուն ադրենալինի, բայց ինքն այդ մասնագիտութիւնն է ընտրել մի շարք պատճառներով:  Դրանցից մէկը աւստրալական թերթում անհետաքրքիր ու կրկնուող աշխատանքն էր:

Նրա առաջին ուղեւորութիւնը եղել է դէպի Իրաք, բայց ֆօտոլրագրողին ձերբակալել են եւ երկրից արտաքսել այն լուսանկարների համար, որոնցում պատկերուած են եղել Քոււեյթի սահմանը հատող զինուորականներ:

«Ես եկայ (Ղարաբաղ - ծ.խ.) 1992 թ., մօտ 30 տարեկան էի եւ պատրաստ էի պատասխանել այն հարցին, որն ինքս ինձ տալիս էի տարիներ շարունակ. կարո՞ղ եմ գլուխս չկորցնել՝ եւ բառացի եւ փոխաբերական իմաստով, պատերազմող զինուորների փոխհրաձգութիւնը լուսանկարելիս:

Ես առաջ էի շարժւում դէպի հայ զինուորները, որոնք խրամատներում էին՝ լեռան լանջին, երբ ստացայ իմ հարցի պատասխանը: Լեռը յանկարծ ցնցուեց կրակոցների ձայնից ու ականանետի պայթիւնից: Երկնքում սահում էին մուգ, թանաքագոյն ամպերը: Ոչ խորը բացուածքը (իդէալական, արդէն պատրաստի գերեզման) իմ միակ ապաստանն էր դէպի ինձ սլացող գնդակներից ու կասետային ռումբերից:  Յիշում եմ, այնտեղ պառկած՝ մտածեցի, որ այդ տեղը չափից աւելի գեղատեսիլ է պատերազմի դաշտ լինելու համար, եւ, ի հարկէ, մեռնելու համար գեղեցիկ վայր էր:

Այդ ժամանակ ես վերեւ նայեցի ու տեսայ հայ զինուորի, որն ինձ նշան էր անում, որ վազեմ դէպի իրեն:  Նրա խրամատն ինձանից ընդամէնը 80 մետր էր հեռու, բայց յաւէրժութիւն էր թւում: Ես բեկորների հարուածներ ստացայ թիկունքիս ու գլխիս ստորին հատուածում, բայց ողջ էի: Սիրտս  խփում էր, ադրենալինը բարձրանում էր մարմնովս եւ ես զգում էի վերածնման էյֆորիայի հէնց այն տեսակը, որն ապրում ես, երբ յաջողւում է խոյս տալ մահից»,- գրում է լուսանկարիչը: