Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը լրագրողների հետ զրոյցում անդրադարձաւ վերջին օրերի սահմանին տիրող լարուածութեանը:

«Մենք պէտք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք, Սփիւռքում գործող մեր կառոյցները, ակտիւիստները` ամէն մէկն իր երկրում, պէտք է կարողանան ճնշում գործադրել տուեալ երկրի իշխանութիւնների վրայ, որպէսզի իրենց խօսքն ասեն, միջամտեն այն ամէնին, ինչ փորձում է անել Ալիեւը»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` երբ 2014 թուականի սեպտեմբերի 15-20-ը տարբեր երկրների հայկական կառոյցների ներկայացուցիչներ էին հաւաքուել ու որոշում էին առաջնահերթութիւնները, դրանցից մէկը հէնց Ղարաբաղեան հիմնախնդիրն էր: «Այստեղ ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայ ազգի խնդիրն է: Մենք պայմանաւորուածութիւն ունենք՝ շատ դէպքերում, երբ լարուածութիւն է առաջանում սահմանին, դիմում ենք մեր սփիւռքեան կառոյցներին: Նրանք ցոյցերով, ճնշումներով փորձում են այդ երկրների իշխանութիւններին մասնակից դարձնել այդ գործընթացին»,- ասաց Յակոբեանը:

Նախարարը համոզուած է, որ Ադրբեջանը սահմանին լարուած վիճակ է ստեղծում՝ փորձելով վնաս հասցնել Հայաստանի զբօսաշրջութեանը, տնտեսութեանը, վախեցնել սահմանամերձ շրջանների բնակիչներին բերքահաւաքի այս ժամանակահատուածում:

«Ալիեւն անընդհատ փորձում է ձեւեր գտնել՝ ի վնաս մեր հանրապետութեան: Մենք արժանի հակահարուած ենք տալիս, մեր բանակն իր տեղում է, բանակի ոգին, հնարաւորութիւններն այնպիսին են, որ երբեք չպէտք է մտածենք, թէ մեր բանակը կարող է զիջել, հակահարուած չտալ»,- ասաց Յակոբեանը եւ յաւելեց, որ Հայաստանն, ի տարբերութիւն Ադրբեջանի, կատարում է իր վրայ վերցրած պարտաւորութիւնները, ցանկանում է խնդրի լուծմանը հասնել Մինսկի խմբի շրջանակներում: