Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Անկախութիւնն իր խորհրդանիշներն ունի. դրօշ, օրհներգ եւ զինանշան: «Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշի մասին» օրէնքը Գերագոյն խորհուրդն ընդունել է դեռեւս 1990 թուականին, Անկախութեան հռչակագրի ընդունումից անմիջապէս յետոյ: Աւելի ուշ՝ 2006-ի յունիսի 15-ին, ընդունուել է օրէնք «Հայաստանի Հանրապետութեան դրօշի մասին»: Ընդունուեցին նաեւ առանձին օրէնքներ օրհներգի եւ զինանշանի մասին:

Յունիսի 15-ը նշւում է նաեւ որպէս Պետական խորհրդանիշների օր, թէպէտ այն առայժմ ընդգրկուած չէ պետական տօնացոյցում:

Ին՞չ ճանապարհ են անցել եւ ինչպէս են ստեղծուել Հայաստանի խորհրդանիշերը:

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրն անկախ Հայաստանի ծննդեան վկայականն է, ծննդեան օրն էլ սեպտեմբերի 21-ն է, որը նշւում է 1991 թուականից: Անկախութեան առաջին տարում արդէն պարզ էր, որ պէտք է ստեղծել ու կայացնել պետական ինստիտուտները, ու եթէ դրա համար ժամանակ էր պէտք, ապա պետութեան խորհրդանիշների ստեղծումը օրուայ խնդիր էր:

Սովետական Հայաստանի գերբը Մարտիրոս Սարեանի ստեղծագործութիւնն էր. արժէքաւոր ու հարուստ խորհրդանիշներով: Պատկերուած էին Արարատը, աստղը, Սովետական Միութեան մուրճն ու մանգաղը: Ու եթէ Արարատը գերբի վրայ ազգային իղձի արտայայտութիւն էր, ապա մուրճից ու մանգաղից պէտք էր ազատուել` որպէս 70-ամեայ սովետական պատմութեան խորհրդանիշ: Գերբը ձեւափոխութեան ենթարկել չէր կարելի, ու կատարուեց դարձ` ի շրջանս իւր:

1992 թուականի ապրիլի 19-ին Ազգային ժողովն ընդունեց Պետական զինանշանի մասին օրէնքը. վերականգնուեց 1918-1920 թուականների Հայաստանի Առաջին Հանրապետութեան զինանշանը, որի հեղինակներն էին Ալեքսանդր Թամանեանն ու Յակոբ Կոջոյեանը: Մուրճն ու մանգաղը կային Սովետական Հայաստանի դրօշի վրայ եւս: Այս դրօշի կարմիր ու կապոյտ գոյները մերօրեայ Հայաստանի դրօշի վրայ էլ կան, բայց 1990 թուականի օգոստոսի 24-ին Գերագոյն խորհրդի ընդունած օրէնքը ոչ թէ գոյների, այլ դրօշի մասին էր. որոշուեց, որ վերականգնուելու է Առաջին Հանրապետութեան եռագոյնը` կարմիր, կապոյտ, նարնջագոյնը, իսկ դրօշն ունի 2 մետր երկարութիւն, 1 մետր լայնութիւն: Օրէնքը սահմանում է, որ դրօշը` կախուած վիճակում, գետնից բարձր պիտի լինի ամենաքիչը 2.5 մետր:

Մեծ Ռուսիան մեզ եղբայրութեան ձեռք մեկնեց, կերտեցինք ամրակուռ նոր պետութիւն` լենինեան կուսակցութիւնն իմաստուն, որը յաղթօրէն մեզ դէպի կոմունիզմ է տանում: 80-ականների վերջին արդէն պարզ էր, որ իմաստուն կուսակցութեան հետ անցած 70-ամեայ ճանապարհի վերջը յաղթական կոմունիզմը չի լինելու, ու Արամ Խաչատրեանի եւ Սարմէնի հեղինակած Սովետական Հայաստանի հիմնը պէտք է փոխուի: 1991-ի յունիսի 1-ին Գերագոյն խորհուրդը որոշեց այն փոխարինել Առաջին Հանրապետութեան օրհներգով. տեքստը` Միքայէլ Նալբանդեանի, երաժշտութիւնը` Բարսեղ Կանաչեանի, բայց փոխուեցին նաեւ Նալբանդեանի տեքստի առաջին բառերը, ու թշուառ-անտէրը դարձաւ ազատ ու անկախ: