Աղբիւր՝ www.armenpress.am
Վերջին շրջանում Սիրիայում իրավիճակի սրուելու հետեւանքով Հայաստան է եկել եւս 2800 սիրիահայ: Այս մասին Ազգային ժողովում կառավարութեան հետ հարց ու պատասխանի ընթացքում յայտնեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեանի հարցին: «Ցաւօք, Սիրիայում իրավիճակը գնալով սրւում է: Երէկ էլ Հալէպում պայթիւն էր որոտացել, որի հետեւանքով 20 մարդ էր զոհուել: Բարեբախտաբար, մեր հայրենակիցներից որեւէ մէկը չի տուժել: Ընդհանուր առմամբ, մայիսեան իրադարձութիւններից յետոյ Հայաստան է եկել եւս 2500 սիրիահայ: Սեպտեմբերի 1-ից սկսուել է ուսումնասկան շրջանը, եւ մենք ցանկանում ենք պարզել, թէ քանի սիրիահայ երեխայ է դպրոց յաճախելու: Մեր տուեալներով` այս պահին Սիրիայում մնացել է 15 հազար հայ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Յակոբեանը:
Նախարարը յայտնեց, որ հանդիպել է Բերիոյ Հայոց թեմի սրբազանի հետ, եւ քննարկուել են սիրիահայերին անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու հետ կապուած հարցեր: «Այս պահին մենք ֆինանսական միջոցների կարիք ունենք Սիրիայում հայկական որբանոցի եւ ծերանոցի խնդիրները լուծելու համար»,- նշեց Յակոբեանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ Հայաստան ժամանած սիրիահայերին օգնելու համար ՀՀ կառավարութիւնն անում է ամէն ինչ՝ լուծելով նրանց առաջնային խնդիրները:
Հրանուշ Յակոբեանը կոչ արեց բոլորին անել հնարաւոր ամէն բան՝ պատերազմի հետեւանքով Սիրիայից ՀՀ եկած սիրիահայերին Հայաստանի հասարակութեանն ինտեգրելու հարցում: