Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկուող սադրիչ գործողութիւնների յաճախականութիւնը եւ այդ ընթացքում կիրառուող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, յանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարութեան, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մօտեցնելու յանցաւոր մարտավարութիւն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայութեան փոխանցմամբ՝ վերջին շրջանում հակամարտ զօրքերի շփման գօտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացուող ռազմաշունչ յայտարարութիւնները ասուածի վկայութիւնն են: Այսօր արդէն Ադրբեջանը ոչ թէ, ինչպէս նախկինում էր, սեփական քարոզչութեամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկուող նախայարձակ գործողութիւնները մատուցել որպէս հայկական կողմին ուղղուած պատասխան քայլեր, այլեւ տարբեր տրամաչափի հրետանային, ռէակտիւ հրթիռահրետանային եւ հրաձգային զէնքերից` հայկական դիրքերի ուղղութեամբ պարբերաբար իրականացուող արկակոծումներն ու գնդակոծումները բացայայտ լկտիութեամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարաւորութիւնները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարեւորութեան մտահաղացման իրագործում:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացուած ու անդառնալի կորուստների, այլեւ դէպքերի նման զարգացման շարունակականութեան խորացումը հնարաւոր է յանգեցնի անկանխատեսելի հետեւանքների:

Ելնելով վերոնշեալից` Արցախի հանրապետութեան ռազմական գերատեսչութեան ղեկավարութիւնը տեղեկացնում է ինչպէս Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեանը, այնպէս էլ ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմամբ զբաղուող միջազգային կառոյցներին, մասնաւորապէս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զօրքերի շփման գծում տեղ գտնող յետագայ սրացումների եւ դրանցից բխող հետեւանքների ողջ պատասխանատուութիւնն ընկնում է ադրբեջանական կողմի վրայ: