Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

Ռումինիայի արտաքին գործերի նախարարութեան եւ «ESCU» հիմնադրամի նախաձեռնութեամբ սեպտեմբերի 1-5-ին Բուխարեստում առաջին անգամ անցկացւում է Դեսպանատների փառատօնը, որին մասնակցում է նաեւ Ռումինիայում ՀՀ դեսպանութիւնը:

ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան փոխանցմամբ՝ փառատօնը կազմակերպւում է Ռումինիայում դիւանագէտի օրուայ եւ տարեկան դիւանագիտական հաւաքի կապակցութեամբ: Դեսպանատների փառատօնի առաջին թողարկմանը մասնակցում են Ռումինիայում հաւատարմագրուած շուրջ երկու տասնեակ դեսպանութիւններ, նոյնքան էլ ռումինական տարբեր հաստատութիւններ:

Փառատօնի հանդիսաւոր բացումը կայացել է սեպտեմբերի 1-ին Ռումինիայի Ազգային գրադարանի ցուցասրահում, որի կենտրոնական հատուածում` ՀՀ դեսպանութեանը յատկացուած տաղաւարում, Հայաստանը ներկայացուել է պատմական քարտէզներով, հայոց պատմութեան էջերը զարդարող 19-րդ դարի իտալացի վարպետների գրաֆիկական աշխատանքներով, հայկական փայտագործութեան նմուշներով եւ ժամանակակից Հայաստանը պատկերող լուսանկարներով:

Դեսպանատների փառատօնի շրջանակներում Բուխարեստի կենտրոնական զբօսայգում կազմակերպւում է բացօթեայ ցուցադրութիւն, ուր Հայաստանի դեսպանութեան տաղաւարը հանրամատչելի գրականութեամբ ներկայացնում է Հայաստանի մշակութային, զբօսաշրջային եւ տնտեսական հնարաւորութիւնները, հայ վարպետների ձեռագործ իրեր եւ հայկական գորգագործութեան նմուշներ:

«Cinema Studio» կինօթատրոնում` ազգային ֆիլմերի ցուցադրութեան շրջանակներում, Հայաստանը ներկայանում է ռեժիսոր Արսէն Յակոբեանի «Հայաստանից Եւրոպա» պատմավաւերագրական ֆիլմով:

«Բացիր քո մշակոյթը» խորագրով Դեսպանատների փառատօնի բացման հանդիսաւոր արարողութեանը եւ գալահամերգին ներկայ են եղել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, պետքարտուղար Բոգդան Ստանոեւիչը, դեսպաններ, մշակութային հաստատութիւնների ղեկավարներ եւ արուեստագէտներ: