Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Օգոստոսի 5-ին ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպմանը նախարար Արմէն Աշոտեանն անդրադարձել է կրթութեան բնագաւառում հայ-իրանական առկայ համագործակցութեանը եւ զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխօսութիւնը միջպետական յարաբերութիւնների կարեւոր հարթականերից մէկն է:

Կողմերն անդրադարձել  են Հայաստանում սովորող իրանցի ուսանողների խնդիրներին, որոնք հիմնականում առնչուել են վերջիններիս կրթութեան կազմակերպմանը: Աշոտեանն ընդգծել է, որ նախարարութիւնը շահագրգիռ է, որպէսզի աւելի մեծ թուով իրանցի ուսանողներ գան Հայաստանում կրթութիւն ստանալու` միաժամանակ ընդգծելով, որ վերջին տարիներին խստացուել է կրթութեան որակի վերահսկողութիւնը, մանաւանդ արտասահմանցի ուսանողների պարագայում` յետագայում այլ երկրներում ՀՀ դիպլոմների ճանաչման խնդրից խուսափելու համար: Սա նախարարութեան կողմից իրականացուող հետեւողական քաղաքականութեան արդիւնք է, որն էլ իր հերթին նպաստելու է ՀՀ-ում որակեալ կրթութիւն ստանալու ակնկալիք ունեցող արտասահմանցի ուսանողների թուի աճին, նշել է նախարարը:

Իրանի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի ԿԳՆ միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների հետ կապուած խնդիրների լուծմանը: Դեսպանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի յետագայ իրականացմանը` ընդգծելով, որ յատկապէս գիտահետազօտական ոլորտում առկայ է բազմաշերտ համագործակցութիւն: Քննարկուել է երկու երկրի պատուիրակութիւնների փոխադարձ այցելութեան հնարաւորութիւնը, որն էլ կը նպաստի կրթական նոր նախաձեռնութիւնների իրականացմանը: