Աղբիւր՝ www.armenianradio.am

 

Համաձայն իրանական «Մեհր» լրատուական գործակալութեան հաղորդման, ԻԻՀ-ի արտահանումային 17-րդ ցուցահանդէսը իրանցի առեւտրականների եւ իրանական արտահանումային ու առեւտրական տարբեր ընկերութիւնների, ինչպէս նաեւ որոշ նախարարութիւնների ու յարակից կառոյցների մասնակցութեամբ յառաջիկայ հոկտեմբերի 8-ից 11-ը կը կազմակերպուի Երեւանի միջազգային ցուցահանդէսների վայրում:

Իրան-Հայաստան առեւտրի համատեղ ցուցահանդէսը ԻԻՀ-ի առողջապահութեան եւ էկոնոմիկայի նախարարութիւնների, Իրանի առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի ու գիւղատնտեսութեան պալատի եւ Հայաստանի առեւտրի պալատի, ինչպէս նաեւ մի շարք պետական կազմակերպութիւնների ու մասնաւոր բաժնի համագործակցութեամբ տեղի կ'ունենայ «Փանարմենիան Էքսպոյ»  ցուցահանդէսի հետ միաժամանակ:

Երեւանում ԻԻՀ արտահանումային ցուցահանդէսի գործադիր շտաբի պետն ասաց. «Ցուցահանդէսը ներառելու է տարբեր բաժիններ, որոնցից կարելի է յիշել գորգն ու կարպետը, գիւղմթերքն ու սննդամթերքը, պայուսակն ու կօշիկը, բժշկական ու հիւանդանոցային սարքաւորումները, դեղորայքը, հիգենիկ, լուացող ու շպարման նիւթերը, արդիւնաբերութիւնը, տեղեկատուական տեխնոլոգիաները, տնային կահոյքը, էներգիան, պետրոքիմիան, տրանսպորտը, ինքնաշարժը, հանքերն ու մեքենաները, պոլիմերն ու պլաստմասան»:

Ղօլամռեզայ Ռեզայեանն աւելացրեց. «Այս ցուցահանդէսի նպատակն է ԻԻՀ-ի ու Հայաստանի միջեւ առեւտրական ու տնտեսական յարաբերութիւնների մակարդակի բարձրացումը, մարկետինգը, արտահանումների ծաւալի մեծացումը, տուրիզմի մշակոյթի ընդլայնումը, ինչպէս նաեւ ներքին արտադրութիւնների ու ծառայութիւնների հովանաւորումն ու հզօրացումը»: