Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հուլիսի 5-ին Հայաստանում Սահմանադրության օրն է: Հենց այդ օրը  1995թ.-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց  երկրի մայր օրենքը: 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:  

Հետագայում առաջացավ Սահմանադրությունը լրամշակելու անհրաժեշտություն: Այն փոփոխելու  երկու փորձ է կատարվել. Առաջինը` 2003 թ. մայիսի 25-ի հանրաքվեն էր,ո ր տապալվեց: Սահմանադրությունը բարեփոխելու նպատակով երկրորդ հանրաքվեն անցկացվեց 2005թ. նոյեմբերի 27-ին: Արդյունքում' երկրի հիմնական օրենքը վերանայվեց, ամրագրվեցին մի շարք նոր ենթահոդվածներ, հստակեցվեցին իշխանության թևերի հավասարակշռման և զսպման մեխանիզմները: Կառավարման նախագահական համակարգից անցում կատարվեց կիսանախագահականի:   Անփոփոխ մնացին 117 հոդվածներից բաղկացած Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:

Ի դեպ, Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է.«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Երկրորդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

Ըստ Սահմանադրության 114-րդ հոդվածի` արգելվում է փոփոխման ենթարկել 1-ին, 2-րդ  և 114-րդ հոդվածները:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս պահին աշխատում է Սահմանադրական հերթական բարեփոխումների հայեցակարգի շուրջ, որն  ամենայն հավանականությամբ համաժողովրդական հանրաքվեի կդրվի այս տարվա աշնանը կամ 2016-ի գարնանը: Ըստ սահմանադրական նոր բարեփոխումների` նախատեսվում  է անցում կառավարաման խորհրդարանական  համակարգի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի: