Աղբիւր՝ www.hyeli.com
Հայ-իրանական փոխշահաւէտ յարաբերութիւնները 2013 թւականի ընթացքում շարունակել են զարգանալ. տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք այցելութիւններ: Այս մասին նշւած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան 2013 թւականի հաշւետւութեան մէջ, տեղեկացնում է News.am-ը:
Հաշւետւութիւնում նաեւ նշւում է, որ օգոստոսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութեանը եւ հանդիպում ունեցել Նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով Երեւան է մեկնել ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Երեւանում Իրանի ԱԳ նախարարին ընդունել է ՀՀ նախագահը, կայացել է հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:
Երկու երկրների արտգործնախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել միջազգային համաժողովների շրջանակներում։
Տարւայ ընթացքում տեղի են ունեցել հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի համանախագահներ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի փոխայցելութիւնները։
Նոյեմբերի 2-4-ը ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան պատգամաւորական բարեկամական խումբն ժամանել է Թեհրան:
Տարւայ ընթացքում տեղի են ունեցել նաեւ քաղաքական, իրաւական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցութեանը նւիրւած մի շարք միջգերատեսչական փոխայցելութիւններ եւ հանդիպումներ: