Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշներն անկախութեան այս տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ յայտնուել են ուշադրութեան կենտրոնում: Մէկ անգամ չէ, որ հարց է բարձրացուել այս կամ այն խորհրդանիշը փոփոխելու շուրջ: Թիրախում են եղել առաւելապէս պետական օրհներգն ու զինանշանը: Վերջինիս փոփոխութեան աշխատանքները կրկին ընթացքի մէջ են:
1992 թուականին ընդունուած օրէնքով վերականգնուել էր Առաջին հանրապետութեան զինանշանը, որի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանը եւ նկարիչ Յակոբ Կոջոյեանը:
«Մէկ-երկու ամսից պատրաստ կը լինի Հայաստանի պետական զինանշանի փոփոխուած տարբերակը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանը:
Մշակութաբան Գագիկ Մանասեանի կարծիքով, երկրի զինանշանը իւրաքանչիւր պետութեան անձնագիրն է:
«Ինչպէս մարդու անձնագիրը նայելիս` կարծիք էք կազմում մարդու մասին, այնպէս էլ տուեալ պետութեան գերբը նայելով, ուսումնասիրելով` կարող էք այդ պետութեան քաղաքականութեան մասին, անցեալի, ներկայի, ապագայի մասին լիարժէք պատկերացում ունենալ»:
Իսկ մեր այսօրուայ զինանշանը, Գագիկ Մանասեանի խօսքով, վախկոտ երկրի, նահանջող քաղաքականութեան տպաւորութիւն է թողնում: Գերբի ստեղծման հիմքում առաջնայինը գաղափարական, բովանդակային նկարագրութիւնն է:
Հայաստանի մշակոյթի նախարարի կարգադրութեամբ վերջերս մասնագիտական յանձնաժողով է ստեղծուել, որը տարբերակներ արդէն մշակել է: Կարէն Աղամեանն ասում է, որ խնդիրը միայն «դիզայներական ու նկարչական սխալները» չեն:
«Կան ոչ ճիշտ մեկնաբանութիւններ մեր անցեալի, ներկայի ու ապագայի վերաբերեալ»:
Գագիկ Մանասեանն առանձնացրեց առկայ թերութիւններից մի քանիսը. նախ՝ գործող զինանշանի վրայ պատկերուած առիւծի բերանը փակ է:
«Գերբագիտութեան օրէնքներով անընդունելի է, երբ առիւծի բերանը փակ է: Դա նշանակում է, որ այդ առիւծը մեռած է, անպաշտպան է, ընդունակ չէ յարձակման ու պաշտպանման»: Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանի պետական գործող զինանշանի վրայի սուրը կոտրուած է եւ շղթաների մէջ: «Շղթայի եւ սրի գաղափարն այն է, որ սուրը պէտք է կոտրի շղթան: Այսինքն՝ ազատութեան ըմբռնումն է»: Զինանշանին կայ նաեւ ժապաւէն, որի վրայ ոչինչ գրուած չէ: Համեմատելով այլ երկրների պետական զինանշանների հետ՝ մշակութաբանը նշում է, որ ժապաւէնի վրայ կա՛մ պէտք է երկրի կարգախօսը գրուած լինի, կա՛մ այն աւելորդ է եւ պէտք է հեռացուի: Իսկ կարգախօս Հայաստանը չունի, ժապաւէնը թողնելու դէպքում պէտք է ստեղծել հնարաւորինս կարճ, բայց բազմաբովանդակ կարգախօս: Քանի որ Հայաստանի դրօշի գոյներն են պատկերուած, գունային փոփոխութիւն չի նախատեսւում:
Յանձնաժողովի անդամները նշում են նաեւ, որ Հայաստանի զինանշանի մասին օրէնքն է թերի. բացակայում է գերբի ամբողջական նկարագրութիւնը, չկայ նաեւ հերալդիկայի՝ գերբագիտութեան խորհուրդ, որը եւ առկայ խնդիրների պատճառներից մէկն է:
Հայաստանի այսօրուայ զինանշանը Առաջին հանրապետութեան զինանշանի վերամշակուած տարբերակն է, սակայն, պետական զինանշանի տեխնիկական փոփոխութեան մասնագիտական յանձնաժողովի այս անդամների ասելով, առաջին Հանրապետութեան զինանշանի վրայ «նման սխալներ չեն եղել»: