Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր շնորհաւորական ուղերձ է յղել Հայոց ցեղասպանութիւնը վերապրած եւ այսօր իր ծննդավայրից հազարաւոր կիլօմետրեր հեռու՝ Ա.Մ.Ն.-ի Մասաչուսէթս նահանգում բնակուող տիկին Աստղիկ Թեթեզեան-Ալեմեանին` ծննդեան 105-րդ տարեդարձի առթիւ:

«Յարգարժան տիկին Թեթեզեան-Ալեմեան,

Ինձ համար մեծ պատիւ է եւ շատ հաճելի շնորհաւորել Ձեզ՝ ծննդեան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցութեամբ: Ի սրտէ մաղթում եմ Ձեզ առողջութիւն եւ երջանկութիւն՝ մշտապէս շրջապատուած զաւակների ու հարազատների ջերմ սիրով:

Ձեր անցած կեանքի ուղին, որ լի է ինչպէս բազմաթիւ փորձութիւններով, անդառնալի կորուստներով, այնպէս էլ լուսաւոր պահերով, Հայոց ցեղասպանութիւնը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հաւաքական կամքի խօսուն վկայութիւնն է:

Ապրելով օտարութեան մէջ, հոգում կրելով անցեալի դառը յիշողութիւններն ու չսպիացող վէրքերը՝ Դուք կարողացաք պահել ու պահպանել Ձեր ազգային, կրօնական ու մշակութային ինքնութիւնը, ստեղծել ամուր աւանդոյթներով հայ ընտանիք, դաստիարակել զաւակներին հայրենասիրութեան, մարդասիրութեան, անցեալի եւ արմատների նկատմամբ յարգանքի ոգով:

Յարգարժան տիկին Թեթեզեան-Ալեմեան,

Ցանկանում եմ կրկին շնորհաւորել Ձեզ ծննդեան օրուայ առթիւ եւ աւելացնել, որ Դուք խորհրդանշում էք մեր այն տարագիր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ Ձեզ նման կրում են, վառ պահում եւ գալիք սերունդներին փոխանցում հայի վերածննդի պատգամը եւ Հայրենիքի խորհուրդը»,- ասուած է Հ.Հ.-ի Նախագահի շնորհաւորական ուղերձում: