Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ե.Ա.Հ.Կ.-ում Հ.Հ.-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսեանը ելոյթ ունեցաւ Ե.Ա.Հ.Կ.-ի Մշտական Խորհրդում՝ ի պատասխան Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների յայտարարութեան:

Դեսպան Կիրակոսեանը դատապարտեց Ադրբեջանի կողմից դիւերսիոն գործողութիւնները եւ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծութիւնները շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նշուեց, որ հայկական կողմը կանոնաւոր կերպով բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական Խորհրդի հանդիպումներին, ինչպէս նաեւ Հայաստանի պատրաստակամութիւնը յայտնել` իրականացնելու հրադադարի ամրապնդման միջոցառումներ, ներառեալ դիպուկահարների դուրսբերումը եւ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծումը:

Հ.Հ.-ի մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային հանրութեան եւ Հայաստանի բոլոր առաջարկութիւնները մերժուել են Ադրբեջանի կողմից: Արման Կիրակոսեանը նշեց, որ անորոշութեան շրջանն աւարտուել է, եւ միջազգային հանրութիւնը յստակ մատնանշել է լարուածութեան աղբիւրը: Ողջունուեց Մինսկի խմբի համանախագահ երկրների յունուարի 27-ի յայտարարութիւնը, որում նրանք Ադրբեջանին կոչ են արել հաւատարիմ մնալ հակամարտութեան խաղաղ կարգաւորման իր պարտաւորութիւններին:

Դեսպան Կիրակոսեանը նշեց, որ Ադրբեջանի փորձերը` ուժի միջոցով պարտադրել հայկական կողմին իր բանակցային մօտեցումները, լոկ պատրանք են: