Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լ.Ղ.Հ.-ի Պ.Բ.-ն տեղեկացնում է, որ յունուարի 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի Քարվաճառի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիւերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս 1 պայմանագրային զինծառայող է զոհուել, եւս մէկը՝ վիրաւորուել: Նախօրէին ադրբեջանական կողմը մէկ օրուայ, աւելի ճիշտ` մէկ գիշերուայ կտրուածքով աննախադէպ քանակով՝ թուով 8 դիւերսիոն ներթափանցման փորձ էր կատարել, որոնցից մէկի ժամանակ դիպուկահարի արձակած կրակոցից զոհուել էր հայ ժամկետային զինծառայող: Անցած 20 օրուայ ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագծին ծաւալուած մարտերի ժամանակ հայկական կողմն արդէն 8 զոհ, 2 վիրաւոր է տուել: Մարտերն ուղեկցւում են հակառակորդի կողմից աննախադէպ քանակութեամբ փոքր տրամաչափի հրետանային համակարգերի կիրառմամբ:

Հաշուի առնելով թէ՛ այս հանգամանքը, թէ՛ արձակուող կրակոցների, թէ՛, յատկապէս, դիւերսիոն յարձակումների աննախադէպ աճը՝ կարելի է ասել, որ Ադրբեջանն իսկական գիշերային դիւերսիոն պատերազմ է սկսել՝ Հայաստանի եւ Լ.Ղ.Հ.-ի ճակատներում հայկական բանակներին արդէն 20 օր շարունակ ստիպելով գտնուել լիարժէք պատերազմական արտակարգ վիճակում: Թէ ո՞րն է սրա պատճառը, առանձին վերլուծութեան առարկայ է: Տուեալ պահին պէտք է արձանագրել, որ Ադրբեջանի զինուած ուժերը հետեւողականօրէն լծուել են տարեսկզբին պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի կողմից բանակին տրուած այն հրամանի կատարմանը, ըստ որի` «զաւթիչներն իրենց հանգիստ չպէտք է զգան ադրբեջանական հողերում», եւ որ հողը նրանց, այսինքն` հայկական բանակի զինուորների ոտքի տակ պէտք է այրուի:

Յունուարի 12-ին` Զաքիրովի այս յայտարարութիւններից մօտ մէկ շաբաթ անց, գրեթէ նոյնպիսի հրահանգ հնչեցրեց նաեւ Հ.Հ. պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը: Մարզահամերգային համալիրում առանձին զօրամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ խորհրդակցութեան ժամանակ նախարարը հայատարեց. «...Պէտք է դիւերսիոն հետախուզական գործողութիւնների դէմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակութիւնը բարձրացնելու համար, դիւերսիոն գործողութիւնների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք եւ որոշ դէպքերում նախայարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողութիւններ կատարի հակառակորդը»:

Այս յայտարարութիւնից անցել է աւելի քան մէկ շաբաթ, սակայն, դատելով պաշտօնական եւ ոչ-պաշտօնական տեղեկատուական հոսքերից, հայկական բանակի կողմից նախայարձակ լինելու որեւէ դրսեւորում, նշան չկայ: Հայկական կողմը խօսում է բացառապէս պաշտպանական գործողութիւնների եւ բացառապէս հակառակորդի նախայարձակ գործողութիւնների ժամանակ կրած կորուստների մասին: Այնպիսի տպաւորութիւն է, որ Օհանեանի հրահանգն ուղղուած էր ոչ թէ հայկական բանակին եւ սպայակազմին, այլ ադրբեջանցիներին:

Նման իրավիճակներում, ի հարկէ, ամենավտանգաւորը եւ բացառելին կողքից բանակի վրայ ճնշումներ գործադրելն է, հրամանատարութեանը ոչ-պրոֆեսիոնալ խորհուրդներ տալը, ինչ-որ գործողութիւնների դրդելը: Սակայն պաշտպանութեան նախարարն ինքն է, փաստօրէն, համարում, որ հակառակորդին զսպելու, նորանոր արկածախնդրութիւններից զերծ պահելու լաւագոյն միջոցը որոշ դէպքերում նախայարձակ պատժիչ գործողութիւնների դիմելն է: Հետեւաբար, առնուազն անհասկանալի է դառնում, թէ ո՞րն է նորանոր երիտասարդ կեանքեր արժեցող նման անշտապողականութեան պատճառը:

Վերջին օրերի կորուստների ֆօնին նախարարի այս յայտարարութիւնը ոչնչով առայժմ չի տարբերւում հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցումից յետոյ Հայաստանից եւ Լ.Ղ.Հ.-ից արուած եւ դեռեւս որեւէ համոզիչ գործողութեամբ չհիմնաւորուած այն յայտարարութիւններից, թէ թշնամուն անհամաչափ աւելի դաժան հարուած է հասցուելու, որի ականատեսը հայաստանեան եւ ղարաբաղեան հանրութիւնը չեն լինում:

Մինչդեռ` ուզէնք, թէ չուզէնք, այս անորոշութիւնն ակամայ նպաստում է ադրբեջանցիների՝ ակնյայտօրէն փոխուած տեղեկատուա-քարոզչական քաղաքականութեանը: Դիւերսիոն իւրաքանչիւր կասեցուած փորձի մասին պաշտօնական տեղեկատուութեան մէջ Լ.Ղ.Հ.-ի Պ.Բ.-ն եւ Հ.Հ.-ի Պ.Ն.-ն անպայման շեշտում են, որ թշնամուն ելման դիրքեր ետ են շպրտել՝ պատճառելով մարդկային կորուստներ՝ առանց կոնկրետ փաստեր նշելու: Միակ բացառութիւնը եղել է յունուարի 11-ին Տաւուշի մարզի Բաղանիս համայնքի սահմանային հատուածում ձեռնարկուած դիվերսիայի փորձը: Դրա վերաբերեալ տեղեկատուութեան մէջ նշւում էր հակառակորդի կողմից միջդիրքային հատուածում առնուազն մէկ զոհ թողնելու մասին, որի դին յաջորդ օրը, ըստ Հ.Հ.-ի Պ.Ն.-ի մամուլի քարտուղարի ֆէյսբուքեան գրառման, հայկական կողմը, տարօրինակ հապճեպութեամբ յանձնեց հակառակորդին:

Մինչդեռ` Ադրբեջանի թէ՛ պաշտօնական եւ թէ՛ ոչ պաշտօնական աղբիւրները հնարաւոր կորուստների մասով բացարձակ լռութիւն են պահպանում: Այս ընթացքում Բաքուն յայտարարել է ընդամենը մէկ վիրաւոր ունենալու մասին: Եւ դա այն դէպքում, երբ, չհերքելով մարտական գործողութիւնների դիմելու հանգամանքը, հակառակորդն ակամայ հաստատում է իր կողմից նախայարձակ լինելու փաստը, իսկ յարձակուող կողմը, որպէս կանոն, պաշտպանուողից աւելի շատ կորուստներ է ունենում: Եթէ նախկինում այդ երկրի պաշտպանական գերատեսչութիւնը սահմանագծին ունեցած կորուստները ներկայացնում էր որպէս դժբախտ պատահարների հետեւանքներ, ապա հիմա, առհասարակ, արգելում է կորուստների մասին որեւէ տեղեկատուութեան հրապարակում: Նման քաղաքականութիւնը կենսունակ կարող է լինել միայն տոտալ գրաքննութեան պայմաններում, իսկ ալիեւեան սուլթանաթում հիմա հէնց այդպիսի պայմաններ են:

Սակայն տեղեկատուական այս բլոկադան ուղղուած է ոչ թէ ներքին լսարանին, այլ հայաստանեան հասարակութեանը յուսահատութեան հասցնելուն: Հաշուարկը թերեւս այն է, որ, անընդհատ լսելով միակողմանի կորուստների մասին, հայ հասարակութիւնն, ի վերջոյ, կորցնելու է բանակի եւ նրա որակների նկատմամբ ունեցած վստահութիւնը, հասարակութեան ներսում սկսելու են խուճապային տրամադրութիւններ հասունանալ: Սակայն 2015 թուականի սկզբից, երբ հակառակորդի մօտ արդէն նկատուեցին քարոզչական մարտավարութեան փոփոխման առաջին նշանները, արդէն պարզ էր, որ Բաքուն գնում է իրավիճակի սրման ուղղութեամբ՝ նոյնիսկ մարդկային անիմաստ կորուսների առջեւ չկանգնելու ճանապարհով, ինչն արդէն իսկ պէտք է լուրջ ահազանգ լինէր հայկական կողմի համար, եւ ինչի մասին մենք գրել ենք: Այս իմաստով հայկական կողմն ակնյայտօրէն ուշացել է: Ընդ որում՝ թէ՛ ռազմական եւ թէ՛ դիւանագիտական ուղղութիւններով: Ադրբեջանը փորձում է օգտուել Գիւմրիի ողբերգութեան պատճառով հայկական կողմի հնարաւոր զգօնութեան թուլացումից, բայց առաւելապէս Ուկրաինայում ստեղծուած նոր իրավիճակի վրայ միջազգային հանրութեան ուշադրութեան գերկենտրոնացումից, որի հետեւանքով Լ.Ղ.-ի հիմնահարցի կարգաւորումը գրեթէ ամբողջութեամբ դուրս է մնացել օրակարգից:

Այս ընթացքը կասեցնելու եւ Ադրբեջանի գիշերային դիւերսիոն պատերազմի խորացումը կանգնեցնելու ամենաօպտիմալ տարբերակը, կարծես, դառնում է Երեւանի կողմից Լ.Ղ.-ի բանակցային գործընթացից դուրս գալու սպառնալիքի հնչեցումը: Գուցէ այս կերպ միջազգային հանրութիւնը եւ Ե.Ա.Հ.Կ.-ի Մ.Խ.-ի երկրները հայեացքով շրջուեն նաեւ դէպի այս հակամարտութիւնը եւ փորձեն զսպել Ադրբեջանին: Եթէ դա տեղի չի ունենայ, գոնէ պարզ կը դառնայ, որ պէտք է նախապատրաստուել պատերազմի:

 
Գէորգ Դարբինեան