Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Տարածած համատեղ յայտարարութեամբ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան խորհրդարանի պատգամաւորական խմբերն ու խմբակցութիւնները Մ.Ա.Կ.-ին, Եւրա-խորհրդին, Ե.Ա.Հ.Կ.-ին, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին կոչ են անում դատապարտել Բաքուի հայ բնակչութեան ջարդերը, դրանց տալ իրաւական գնահատական:
«1990 թուականի յունուարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուում պետական մակարդակով կազմակերպուել եւ իրականացուել է հայ բնակչութեան զանգուածային կոտորած: Զուտ ազգային պատկանելութեան համար տեղի շուրջ 400,000 հայ համայնքն ենթարկուել է բռնութիւնների, կոտորածի ու բռնատեղահանուել քաղաքից: Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թւում՝ ծերեր, կանայք եւ երեխաներ:
1990 թուականի յունուարին Բաքուում փաստօրէն կրկնուել է 1988 թուականի փետրուարին Սումգայիթում տեղի ունեցած բռնութիւնների սցենարն՝ անհամեմատ մեծ մասշտաբներով, որի հետեւանքով քաղաքն ամբողջովին հայաթափուել է: Բաքուի հայ բնակչութեան ջարդերը եւ բռնատեղահանութիւնը լիովին ներգրւում են «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնուենցիայով սահմանուած «ցեղասպանութիւն» իրաւական հասկացութեան մէջ: Պետական մակարդակով ահաբեկչութիւնը շարունակուել է նաեւ Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչութեան հանդէպ Ադրբեջանի իշխող վերնախաւը 1991 թուականի ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցօ» ռազմագործողութիւնը, որի հետեւանքով բռնատեղահանուել, հրդեհուել եւ կործանուել է 24 հայկական գիւղ, զոհուել են բազմաթիւ անմեղ մարդիկ: Արցախից հայ բնակչութիւնը բռնատեղահանելու, զանգուածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրուած քաղաքականութիւնն իրականութիւն չի դարձել միայն արցախահայութեան զինուած ինքնապաշտպանութեան շնորհիւ:
Բաքուի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխւում է 1990 թուականի «սեւ յունուար»-ի էութիւնը. փորձում են պատմութեան էջերից ջնջել Բաքուի բնիկ հայ ազգաբնակչութեան ցեղասպանութեան քաղաքականութեան հետքերը:
Գլուխ խոնարհելով Բաքուի ջարդերին ու բռնատեղահանութեանը զոհ գնացած անմեղ հայերի ու Արցախեան գոյամարտում նահատակուածների յիշատակի առջեւ՝ մենք դատապարտում ենք էթնիկ անհանդուրժողականութեան, այլատեացութեան, ծայրահեղականութեան ցանկացած դրսեւորում, վերահաստատում ենք, որ Արցախի հանրապետութիւնը հետամուտ է լինելու, որպէսզի Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանութեան ծրագրի, գործադրուած զանգուածային բռնութիւնների, պատերազմական յանցագործութիւնների կազմակերպիչները եւ իրականացնողները, համաձայն միջազգային իրաւունքի նորմերի, ենթարկուեն պատասխանատուութեան, կոչ ենք անում Մ.Ա.Կ.-ին, Ե.Խ.-ին, Ե.Ա.Հ.Կ.-ին, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Բաքուի հայ բնակչութեան ջարդերը, դրանց տալ իրաւական գնահատական: Դա ոչ միայն տուժողի իրաւունքն է, այլեւ միջազգային ատեանների պարտաւորութիւնը, քանի որ ցեղասպանութիւնը ոճիր է համայն մարդկութեան դէմ»: