Հինգշաբթի` նոյեմբերի 28-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան սրահում, շրջանի Հայ Դատի Յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ «Ռուբէն» Երիտասարդական Միութեան կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ նւիրահաւաք՝ «Հեռուստամարաթոն 2013»-ի շրջագծում։

Նւիրահաւաքին իրենց մասնակցութիւնն էին բերել՝ ազգային մարմինները, միութիւնները, հայոց ազգային դպրոցները եւ ժողովուրդը։ Նւիրահաւաքի կենտրոն այցելելով՝ նւիրատւութիւն կատարեց նաեւ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, որը սոյն միջոցառմանը մասնակցելը հայ ժողովրդի գոյապայքարին մասնակից դառնալը համարելով՝ յորդորեց իւրաքանչիւրն իր կարողութեան չափով կատարի այս ազգային պարտաւորութիւնը։

Միջոցառման ամբողջ ընթացքում ներկայ ժողովուրդն առիթ ունեցաւ պաստառի վրայ հետեւելու «Հեռուստամարաթոն-2013» ծրագրին, իսկ փոքրիկները սրահում տեղադրւած նկարչութեան կրպակում մեծ խանդավառութեամբ նկարեցին հայրենասիրական թեմաներով նկարչութիւններ։

Արդիւնքում հանգանակւած գումարը գերազանցեց նախորդ տարւան։

***

Համաձայն «Ալիք» Օրաթերթի.-

22,661,372 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ՝

ՅԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԲԱՐՕՐՈՒԹԵԱՆ

22 միլիոն 661 հազար 372 ամերիկեան դոլար: Այսպիսին է 2013 թւականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի յայտարարած հեռուստամարաթոնի հանգանակութեան ընդհանուր արդիւնքը:

12 ժամ շարունակ, ողջ աշխարհով հեռարձակւող հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհի տարբեր հատւածներում ապրող հայերը իրենց մեծ ու փոքր նւիրատւութիւններով մասնակցեցին Արցախի երկրորդ ռազմավարական ճանապարհի՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման համար կազմակերպւած հանգանակութեանը:

Մինչ այդ, նախորդ շաբաթ կայացել էր հիմնադրամի համաեւրոպական հեռախօսամարաթոնը, որի արդիւնքում հաւաքւել էր արդէն մէկ միլիոն 460 հազար եւրօ: Յիշեցնենք, որ նախորդ տարի հիմնադրամի՝ «Մեր գիւղը» կարգախօսով 15-րդ հեռուստամարաթոնի արդիւնքում հաւաքւել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար կամ շուրջ 8.5 մլրդ. դրամ:

Ներկայացնում ենք հեռուստամարաթոն 2013-ի նախնական տւեալներն ըստ երկրների, դոլարային հաշւարկով:

Ռուսաստան՝ 12.350.000, ԱՄՆ Արեւմտեան շրջան (Լոս Անջելէս)՝ 2.000.000, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա, Յունաստան, Բելգիա (Համաեւրոպական հեռախօսամարաթոն)՝ 1.981.626, Հայաստան՝ 1.600.000, Շւէյցարիա՝ 1.250.000, Արցախ՝ 1.000.000, ԱՄՆ Արեւելեան շրջան (Նիւ Եօրք)՝ 1.000.000, Արգենտինա՝ 700.000, Տորոնտօ՝ (Կանադա) 225.000, Բրազիլիա՝ 170.000, Մոնրէալ (Կանադա)՝ 120.000, Անգլիա՝ 100.000, Լիբանան՝ 94.000, Աւստրիա՝ 10.000:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 28-ին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ, դեսպանատան շէնքում եւս տեղի է ունեցել դրամահաւաք, որին ակտիւօրէն մասնակցել են իրանահայութեան ներկայացուցիչները: Իրանահայութեան կողմից հեռուստամարաթոնին նւիրաբերած գումարը կազմում է 60.000 ԱՄՆ դոլար: