Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Շնորհակալ եմ քեզ, հայ զինուոր». այսպէս է կոչւում ակցիան, որը կիրակի օրն անցկացրել է Civil Voice հասարակական կազմակերպութիւնը: Սա այս տարի նման երկրորդ նախաձեռնութիւնն էր: Նպատակը նախատօնական օրերին սահմանային գօտում ծառայող զինուորներին անակնակալ մատուցելն է:

Դեկտեմբերի 21-ին, ժամը` 12:00-17:00-ը Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղադրուել էր Civil Voice-ի արկղը, որում անցորդներն իրենց նուէրներն են տեղաւորել սահմանը հսկող զինուորների համար, շնորհաւորել զինուորների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը:

Civil Voice հասարակական կազմակերպութեան մամուլի պատսխանատու Նունէ Աւետիսեանի վստահեցմամբ՝ ինչպէս եւ նախորդ անգամ, այս անգամ եւս հասարակութեան ակտիւութեան պակաս չի եղել:

Ակցիայի անցկացման գաղափարն առաջացել է օգօտոսեան դէպքերից յետոյ: Իսկ առաջին անգամ անցակցուել է սեպտեմբերի 21-ին:

Հաւաքուած նուէրները դեկտեմբերի 23-ին կը հասցուեն Արարատի զօրամասերում ծառայող զինուորներին: Պատահական ընտրութեամբ այս անգամ Արարատի մարզն է ընտրուել, նախորդն Իջեւանի զօրամասերն էին:

«Ի վերջոյ, նուէրները խորհրդանշական բնոյթ են կրում, այստեղ ընդգծւում է զինուորներին գնահատելը, նրանց մեր սէրը, ջերմութիւնն ու աջակցութիւնը փոխանցելը»,- ասաց Նունէ Աւետիսեանը։