Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Դեկտեմբերի 21-ին եւ 22-ին Ուկրաինական աւիաուղիների՝ Կիեւ-Թբիլիսի չուերթն իրականացնող 2 ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանում: Միջադէպից թերեւս աղմուկ չէր բարձրանայ, եթէ չլինէին Ադրբեջանի լրատուամիջոցների հրապարակումները:

Պատճառն այն է, որ առաջին օրուայ չուերթում օդանաւում եղել է ադրբեջանցի 24, իսկ երկրորդ օրն՝ ադրբեջանցի 13 ուղեւոր: Ադրբեջանական աղբիւրների հաղորդմամբ՝ իրենց երկրի քաղաքացիները վախեցել են Երեւանում վայրէջքից:

Ուղեւորներից Սաֆարալի Բաբաեւը Diaspora TV-ին յայտնել է, թէ իրենք բողոքել են օդաչուի որոշման դէմ՝ յայտարարելով, որ Հայաստանն իրենց համար թշնամական երկիր է, եւ ոչ մի դէպքում պէտք չէ վայրէջք կատարել «Զուարթնոցում»: Իսկ օդաչուն մերժել է Գանձակում վայրէջք կատարելու՝ նրանց խնդրանքը:

Բաբաեւը նաեւ պատմել է, որ ադրբեջանցիները վախեցել են Հայաստանում իջնել օդանաւից, քանի դեռ օդանաւակայանի անվտանգութեան աշխատակիցները նրանց չեն ստիպել դուրս գալ:

Հայաստանի Քաղ-աւիացիայի գլխաւոր վարչութեան մամուլի քարտուղար Ռուբէն Գրձելեանը «Երկիրն այսօր»-ի հետ զրոյցում յայտնեց, որ ադրբեջանցիներն սկզբում մի փոքր կաշկանդուած են եղել, բայց հայկական կողմի վերաբերմունքը տեսնելուց յետոյ որեւէ խնդիր չեն ունեցել: Գրձելեանը ժխտեց ադրբեջանական լրատուամիջոցների տեղեկութիւնները, թէ նրանցից անձնագիր են պահանջել՝ շեշտելով, որ դրա անհրաժեշտութիւնը չկար, քանի որ նրանք սահմանը չէին հատել:

«Երկրորդ օրուայ չուերթի ժամանակ 4 ադրբեջանցի չի իջել ինքնաթիռից: Նրանք բացատրել են, որ ուժային կառոյցի աշխատակիցներ են եւ դրա համար Բաքւում կարող են խնդիրներ ունենալ: Մենք էլ այդ ընթացքում նրանց համար ապահովել ենք ինքնաթիռի տաքացումը»,- յաւելեց Ռուբէն Գրձելեանը: