Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Ամերիկեան յայտնի C.N.N. հեռուստաընկերութիւնը «On The Road» ծրագրի շրջանակում յատուկ թողարկում է նուիրել Հայաստանին. 22 րոպէ տեւող տեսանիւթն արդէն համացանցի վրայ է եւ հասանելի է աւելի լայն զանգուածների: Ինչպէս հաղորդում է «Արմէնփրես»-ը, հեղինակները ներկայացրել են հայաստանեան երիտասարդ սերունդը` նրանց հետաքրքրութիւններն ու գործունէութիւնը, Հայաստանի շատ տեսարժան վայրեր ու նրանց առանձնայատկութիւնները:

Հաղորդման շրջանակում յատուկ անդրադարձ է կատարուում Թ.ՈՒ.Մ.Օ. ստեղծարար արհեստագիտական կենտրոնին: Ընդգծուում է, որ այսօր այստեղ կարելի է հանդիպել հայ ստեղծարար երիտասարդների նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնք «տաղանդաւոր եւ տենչող են»:

Տեսանիւթի մէջ խօսուում է ճատրակի նկատմամբ հայերի ունեցած սիրոյ մասին` չմոռանալով ընդգծել այն հանգամանքը, որ այսօր ճատրակը դարձել է պարտադիր նիւթ հայաստանեան դպրոցներում:

Տեսանիւթի հեղինակները պատմում են, որ Հայաստանի ոգին հասկանալու համար պէտք է նախ եւ առաջ այցելել Երեւանում գտնուող Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրը: «Հազարաւոր մարդկանց հաւաքական յիշողութիւնը կենտրոնացել է նոյն այստեղ` այս սարսափելի իրադարձութեան շուրջը, որը յիշատակում է Հայոց ցեղասպանութիւնը: Այն կանգուն յիշեցնումն է հայկական երկարատեւ պատմութեան ընթացքում տեղի ունեցած ցնցումային խզման, երբ մէկ ու կէս միլիոն հայ քրիստոնեաներ, որոնք բնակուում էին Օսմանեան կայսրութեան մէջ, կոտորուեցին»,- պատմում է տեսանիւթը:

Որպէս դարեր շարունակ հայերին համախմբող կարեւոր ուժ ներկայացուում է հայկական եկեղեցին: «Հայաստանն առաջին ազգն էր, որ քրիստոնէութիւնը ճանաչեց որպէս պետական կրօն 301 թուականին»,- նշում են հեղինակները` պատմելով Հայաստանի տարածքում այսօր գործող վանքերի ու եկեղեցիների մասին, որոնք հզօր կապ են ստեղծում անցեալի հետ: Ներկայացուում է Գեղարդի վանական համալիրը, Գառնիի հեթանոսական տաճարը:

Անդրադառնալով հայկական սփիւռքի գոյութեանը՝ հեղինակները պատմում են, որ թէեւ աշխարհի տարածքում բնակուող 10 միլիոն հայերից միայն 3 միլիոնն են, որ Հայաստանի մէջ են, այդուհանդերձ, վերջին տարիների ընթացքում սփիւռքահայ երիտասարդներից շատերն սկսել են վերադառնալ եւ գործունէութիւն ծաւալել հայրենիքում:

Հաղորդման եզրափակիչ հատուածում հեղինակները նշում են, որ Հայաստանով ամբողջ ճանապարհորդութեան ընթացքում իրենք հանդիպեցին հայերի նոր սերնդի ներկայացուցիչների, ովքեր ցոյց տուեցին, որ պատրաստ են շարժուել իրենց ծնողների անցեալից առաջ եւ ընդունել ապագան առանց սահմանների: «Ամենայիշարժան պահն այդ ընթաքում, երբ մենք Հայաստան էինք, այն էր, որ բոլոր մարդիկ` թէ՛ երիտասարդ, թէ՛ ծեր, պատրաստ էին բացել իրենց սրտերը եւ մեզ հետ կիսել իրենց հայրենիքը»,- եզրափակում են հաղորդման հեղինակները: