Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«Իրանը պատրաստ է գազի եւ այլ էներգակիրների շուրջ բանակցել Հայաստանի հետ»,- այդ մասին «Կենտրոն» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում նշել է Հ.Հ.-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռէիսին:

Իրանի դեսպանն, անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցութեանը, նշել է, որ այս տարի երկկողմ առեւտրա-շրջանառութեան ծաւալներն աճել են երեք տոկոսով:

Դեսպան Ռէիսին, խօսելով երկաթգծի կառուցման մասին, նշել է. «Վերջերս Իրանն ու Հայաստանը երկաթգծի կառուցման հարցի շուրջ արդիւնաւէտ բանակցութիւններ են ունեցել: Նախկինում խոչընդոտներ են եղել, այժմ խնդիրները լուծւում են, եւ այն ներդրող կազմակերպութիւնը, որը պէտք է երկաթգծի կառուցման գործում ներդրումներ կատարի, եւս ներկայ է եղել այդ բանակցութիւններին»:

Մոհամմադ Ռէիսին, անդրադառնալով իրանական գազի գնի շուրջ վերջին շրջանում ծաւալւող խօսակցութիւններին, ասել է. «Ես չեմ ցանկանում համեմատել իրանական եւ ռուսական գազի գները, թէ ո՞րն է աւելի թանկ կամ էժան: Այդ հարցը պէտք է քննարկւի փորձագիտական մակարդակում: Մենք ներկայում Հայաստանի հետ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքն ենք իրականացնում: Մենք պատրաստ ենք գազի շուրջ բանակցել հայկական կողմի հետ: Վստահ եմ, որ Թեհրանում կայացող հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում, ի թիւս այլ հարցերի, քննարկումներ կը լինեն նաեւ նաւթամթերքների եւ գազի շուրջ»:

Անդրադառնալով Լ.Ղ.-ի հակամարտութեանը՝ դեսպան Ռէիսին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է լուծւի խաղաղ ճանապարհով՝ միջազգային օրէնքների շրջագծում:

Ինչ վերաբերում է զբօսաշրջութեան ոլորտին, ապա Իրանի դեսպանը նշել է, որ մի շարք ծրագրեր են իրականացւում, որպէսզի Հայաստան այցելող իրանցի զբօսաշրջիկների թիւն աւելանայ: Դեսպանի ասութեամբ՝ իրանական երկու աւիաընկերութիւններ շաբաթական հինգ չւերթ են իրականացնում Երեւան, արդէն գործում է Սպահան-Երեւան աւտոբուսային երթուղին, առաջարկութիւններ կան, որպէսզի թռիչքներ կազմակերպւեն նաեւ Երեւան-Թաւրիզ եւ Երեւան-Սպահան ուղղութիւններով: