Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

1000 օրինակով լոյս է տեսել յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանի եռալեզու «Հայաստան» գիրք-ալբոմը: Գրքում պատմական Հայաստանի յուշարձաններն են՝ խաչքարեր, վանքեր, եկեղեցիներ եւ այլն:

Ալբոմում ներկայացուած են նաեւ նորայայտ յուշարձաններ, որոնք հիմնականում յայտնաբերուել են Արեւմտեան Հայաստանի տարածքում: Գրքում տեղ են գտել տեղանքի քարտէզներ, որոնցում նշուած են այն վայրերը, որտեղ սեպագիր արձանագրութիւններ են յայտնաբերուել:

Յուշարձանագէտն ասել է, որ գիրքն իր ձեւաչափով ալբոմ է, սակայն իր մէջ, նրա բնորոշմամբ՝ «գիտական զեղումներ» ունի:

Սամուէլ Կարապետեանը նաեւ յաւելել է, որ պատրաստւում են հրատարակել 36 հատորանոց շարք, որում գաւառ առ գաւառ ներկայացուած կը լինեն Հայկական լեռնաշխարհի յուշարձանները:

Իսկ հարցին, թէ արդեօ՞ք «Հայաստան» գիրք-ալբոմը գրադարաններում հասանելի կը լինի, յուշարձանագէտը պատասխանել է.

«Պայմանաւորուածութիւն ունեմ, որ բոլոր կարեւոր գրադարաններին պէտք եղած քանակութեամբ փոխանցուի»,- ասաց նա: