Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ղարաբաղեան-ադրբեջանական շփման գծի վրայ Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած հետախուզական-ներթափանցման մի գործողութիւն։ Ըստ հաւաստի աղբիւրների՝ հայկական կողմը կանխարգելող հարուած է հասցրել, եւ հակառակորդը 5-7 զոհ է տուել:

Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան համաձայն՝ հակառակորդի կողմից արձակուած կրակոցից մահացել է 1995-ի ծնունդ Գարիկ Արտեմի Իսպիրեանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի բանբեր Դաւիթ Բաբայեանն այս մասին «Արմէնփրես»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում յայտնել է. «Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էութիւնն ապացուցուեց եւս մէկ անգամ՝ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելեան հատուածում իրականացուած դիւերսիոն գործողութեան ժամանակ»։ Նրա համաձայն՝ հայկական կողմի համար նորութիւն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողութիւնները, սակայն նման գործողութիւններով մէկ անգամ եւս փաստուում է այդ երկրի ահաբեկչական լինելը՝ միջազգային հանրութեան աչքի դիմաց:

«Սա առաջին դէպքը չէ, եւ նախորդ բազմաթիւ դէպքերի պէս Ադրբեջանի զինուժը յետ է շպրտուել»,- յայտնել է Դաւիթ Բաբայեանը՝ աւելացնելով, որ սահմանի վրայ իրավիճակը վերահսկելի է. լարուածութիւն կայ, սակայն սահմանի վրայ հայկական զինուած ուժերն իրավիճակի տէր են:

«Խուճապ չկայ ո՛չ երկրում, ո՛չ էլ, առաւել եւս, սահմանում: Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակն ու խուճապի որեւէ առիթ չկայ եւ չի էլ կարող լինել»,- շեշտել է Բաբայեանը:

Միւս կողմից, ադրբեջանական «Ինթերֆաքս-ազերբայջան» լրատու գործակալութեան համաձայն՝ 7 դեկտեմբերի երեկոյեան ադրբեջանական բանակի մի զինուոր զոհուել է, երբ նրանց ինքնաշարժը պայթել է ականի վրայ, Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գիւղի մօտ:

Արտակարգ պատահարի պատճառով ստացած վէրքերից մահացել է Ղազախի շրջանի Ֆարահլի գիւղից զինուոր, երկու երեխաների 35-ամեայ հայր Քոշքար Քուրբանովը: Նոյն շրջանի Խանըքլար գիւղից՝ Էշքին Շահրալիեւը ծանրօրէն վիրաւորուել եւ փոխադրուել է հիւանդանոց: Ենթադրուում է, որ միջադէպը տեղի ունեցած լինի, երբ ինքնաշարժն ականի վրայից անցել է։ Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը փաստի առնչութեամբ տակաւին լուռ է մնում:

Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնը ժամանակին չի հրապարակում բանակի մէջ տեղի ունեցող մահերի մասին՝ փորձելով քողարկել դրանք։

Ադրբեջանական լրատուամիջոցների տուեալներով՝ սա 2014 թուականի նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանի բանակային կառոյցներում յայտնի դարձած մահուան չորրորդ միջադէպն է, եւ 85-րդը՝ ամբողջ տարուայ ընթացքում։