Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Եահու» տեղեկատուական հիմնական էջի վրայ «Ճամբորդութիւն» («Թրեւըլ») բաժնում հետաքրքրական ճամբորդութիւնների սիրահարներին խորհուրդ է տրուում այցելել փաստօրէն գոյութիւն ունեցող, սակայն Մ.Ա.Կ.-իի կողմից չճանաչուած պետութիւններ, ինչպէս՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւն:

Խորհրդային ժամանակաշրջանին Լեռնային Ղարաբաղը՝ հայերով բնակեցուած շրջանը, գտնուել է Ադրբեջանի կազմի մէջ, սակայն Խորհրդային միութեան փլուզումից յետոյ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները քուէարկել են յօգուտ անկախութեան:

«Յաղթանակ տանելով Ադրբեջանին եւ 1994 թուականին զինադադարի համաձայնագիր կնքելով՝ Լեռնային Ղարաբաղը ձեռնամուխ եղաւ անկախ պետականութեան կերտման եւ այսօր ճանաչուած է Աբխազիայի, Հարաւային Օսիայի եւ Մերձտնեսթրի կողմից», նշուած է կայքի մէջ:

Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառների կարգին նշուած է ոչ միայն գեղատեսիլ լեռները, հինաւուրց վանքերն ու եկեղեցիները, այլ նաեւ ղարաբաղցիների աննկարագրելի հիւրընկալութիւնը:

«Չզարմանաք, եթէ յանկարծ յայտուէք տեղի գիւղերից մէկի թութի օղիով ու բաժակաճառերով լիացած սեղանի շուրջ: Կատարեցէք երկու շաբաթեան հետիոտն ուղեւորութիւն, վայելեցէք հինաւուրց հայկական Շուշի քաղաքն ու կախարդական Ղազանչեցոց եկեղեցին»,- այցելուներին խորհուրդ է տալիս «Եահու Թրեւըլ»-ը:

Կայքը յիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղ կարելի է երթալ Հայաստանի տարածքով՝ մօտ հինգ ժամ տեւող ճամբով: Գրուել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի օդային հաղորդակցութեան միջոցները վերականգնուել են եւ պատրաստ են շահագործման: Այս առումով «Եահու Թրեւըլ»-ը նշում է, որ Ադրբեջանի իշխանութիւններն սպառնացել են հարուածել նոյնիսկ քաղաքացիական օդանաւերը։

Կայքը նաեւ յիշեցնում է, որ թերեւս միայն սահմանագծի վրայ կարող են որոշ վտանգներ լինել, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմաթիւ անգամներ սպառնացել է զաւթել Լեռնային Ղարաբաղը: Այդուհանդերձ, «Եահու Թրեւըլ»-ը խորհուրդ է տալիս այցելուներին՝ չփախցնել առիթը այցելելու նաեւ լեռների վրայ խոյացած Գանձասարի հինաւուրց համալիրը եւ 9-րդ դարին կառուցուած Դադիվանքը: