Աղբիւր՝ www.armenpress.am

 

Տասնութ մետր բարձրութեամբ աւանդական զանգակատուն` ժամանակակից շնչով, մարմարէ կամարներով ու խաչով.  Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը Ստեփանակերտում կը յարգեն նոր կառուցուող Զանգակատուն կոթողում, որի կառուցումը կաւարտուի մարտի վերջին: Յուշակոթողի հեղինակը ճարտարապետներ Վլադիմիր եւ Միքայէլ Սարգսեաններն են: Գաղափարը յղացել է տասը տարի առաջ, երբ ճարտարապետները նախագծել են Ստեփանակերտի յուշահամալիրի վերանորոգման ծրագիրը:

«Գաղափարը, որ ներկայացուեց տասը տարի առաջ, այսօր արդէն իրականութիւն է: Զանգակատունը կաբողջացնի յուշահամալիրը, կը լինի ամենաբարձր շինութիւնն ու Զանգակատան կամարներն ու խաչը քաղաքի տարբեր հատուածներից տեսանելի կը լինի»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց ճարտարապետ Վլադիմիր Սարգսեանը` յաւելելով, որ նախագիծն իրականութիւն է դարձել հանգանականութիւնների եւ պետութեան տրամադրած գումարների շնորհիւ:

«Զանգակատուն» կառուցելու գաղափարը խիստ խորհրդանշական է: Գաղափարը ներկայացնելիս Սարգսեանը ոգեշնչուել է Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պօէմից, վերընթերցել մի քանի անգամ ու հասկացել, որ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու համար պէտք է կառուցել «անլռելի» զանգակատուն: Ըստ նախագծի, կառոյցն անլռելի է լինելու բառի բուն իմաստով:

«Այցելուները հնարաւորութիւն կունենան զանգ տալ եւ միլիոնաւոր զանգերը կմարմնաւօրէն Ցեղասպանութեան զոհերին եւ փաստը, որ հարիւր տարի անց մարդկութիւնը չի մոռանում այդ ողբերգութիւնը»,- ասաց Վլադիմիր Սարգսեանը:

Յուշակոթողի շինարարական աշխատանքները սկսուել են յունիսին: Եղանակային վատ պայմանները չեն կարող խոչընդոտել շինարարական աշխատանքներն, ու ճարտարապետը հաւաստիացնում է, որ մարտի վերջին կառոյցի շինարարութիւնն աւարտուած կը լինի:

Թէ ինչպէս տեղի կունենայ կառոյցի բացման արարողութիւնը, ճարտարապետը տեղեակ չէ: Չեն մտածել այդ մասին: Միակ հաստատն այն է, որ բացմանը պէտք է տեղի ունենայ Պատարագ ու Արցախում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթողը պէտք է օծուի, պատուի խնկի ու մոմի բոյրով, լսի հոգեւորականի աղօթք: