Աղբիւր՝ www.hyeli.com
Դեռեւս երկու տարի առաջ, խօսելով Արցախի զարգացման մասին, կարեւորում էինք Արցախը Հայաստանի մարզերին կապող երկրորդ ճանապարհի կառուցման խնդիրը: Այդ ժամանակ քննադատութիւնն ուղղւած էր Ստեփանակերտի օդանաւակայանի հարցում Արցախի իշխանութիւնների անարդիւնաւէտ քայլերին: Հսկայական ծախսեր կատարելուց յետոյ հայկական կողմերը չկարողացան իրականացնել ինքնաթիռների թռիչքներ դէպի Ստեփանակերտ: Այդ գումարները կարելի էր ներդնել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վրայ, որի համար, արդէն երկրորդ տարին է` ուղղւում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաւաքած գումարները:
Ընդունելով հանդերձ, որ ճանապարհի կառուցումը մեծապէս պայմանաւորւած է հանքարդիւնաբերութեան զարգացմամբ եւ Մարտակերտի շրջանի հանքերը շահագործող ընկերութիւնների շահագրգռւածութեամբ, պէտք է փաստենք, որ Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհը զարգացման լրացուցիչ խթան է դառնալու Արցախի Նոր Շահումեանի եւ Մարտակերտի շրջանների բնակավայրերի համար՝ հնարաւորութիւն տալով բնակիչներին կրճատել իրենց տրանսպորտային ծախսերը Հայաստանի այլ բնակավայրերի հետ իրենց տնտեսական յարաբերութիւններում, մեծացնելու է Արցախի զբօսաշրջային ներուժը եւ նպաստելու է ճանապարհի երկայնքով սպասարկման ոլորտի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը աչքի է ընկել մեծ ծրագրերի ֆինանսաւորմամբ, Արցախի կենսական ենթակառուցւածքների կառուցմամբ եւ արդիականացմամբ: Ժամանակն է, որ Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհին զուգահեռ սկսւի Արցախում երկաթուղային ցանցի կառուցումը: Հայկական երկաթուղին աւարտւում է Գեղարքունիքի մարզի եւ Արցախի Նոր Շահումեանի շրջանի հենց սահմանին՝ Սոթքում: Երկաթուղու կառուցումը ենթադրում է մեծ ծախսեր: Լուրջ եւ հաւակնօտ ծրագիր է, սակայն Արցախի տնտեսութեան զարգացումն այլընտրանք չունի, քան երկաթուղային կապով Հայաստանի ցանցին միանալը: Հայաստան համահայկական հիմնադրամի հետագայ տարիների հաւաքւելիք գումարն արժէ ուղղել հենց այս գաղափարի իրականացմանը: Թէկուզ փոքր քայլերով, տարեկան 10-15 կմ-ով, 3-4 փոքրիկ կամրջի կամ թունելի կառուցմամբ, աստիճանաբար պէտք է կեանքի կոչենք այս ծրագիրը: Սկզբնական փուլում երկաթուղին կարող է ձգւել մինչեւ Դրմբոն կամ Մաղաւուզ (որտեղ կան համապատասխանաբար ոսկու եւ քարածխի հանքավայրեր): Երկաթուղու կառուցմամբ մեծապէս հետաքրքրւած է արցախեան հանքարդիւնաբերութիւնը, որն էլ կարող է լրացուցիչ գումարներ գտնել այս ծրագրի համար: Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհը բաւականին խոցելի է հանքարդիւնաբերութիւնը սպասարկող գերծանր բեռնատարների համար, եւ կարճ ժամանակում աւտոմայրուղին կարող է շարքից դուրս գալ, ինչպէս տեղի է ունեցել Արցախի Հիւսիս-Հարաւ մայրուղու Կիչան-Դրմբոն հատւածի հետ:
Հայութեան ջանքերի փոքր-ինչ համախմբման դէպքում առաջիկայ 8-10 տարում հնարաւոր կլինի Սոթք-Դրմբոն երկաթուղու 90-100 կմ-ոց հատւածի կառուցումը, ինչը նոր որակ կհաղորդի Արցախի զարգացման հեռանկարներին: