Աղբիւր՝ www.hyeli.com
Նախիջեւանի տարածքում հայկական յուշարձաններ այլեւս գոյութիւն չունեն, այն՝ ինչ հրատարակւել է մինչ Ջուղայի խաչքարերի վերջնական վանդալիզմը, բազմահազար նկարներով, ցաւօք միայն աղբիւրագիտական նշանակութիւնն ունի. այս մասին տեղեկացրել է հայագէտ-նախիջեւանագետ Արգամ Այւազեանը, գրում է «Արցախպրես»-ը:
Նա ասուլիսն էր եկել՝ ներկայացնելու Նախիջեւանում յայտնաբերւած ուրարտական սեպագրերի մասին պատմող իր աշխատութիւնը. բանախօսը յայտարարել է, որ դա թէրեւս միակ սեպագիրն է, որ Ադրբեջանում դեռեւս ոչնչացման չի ենթարկւել:
«Սեպագիրը բարեբախտաբար առայժմ անվնաս է, որը գտնւում է Վիշապաքաղ լեռան գագաթին»,- ասել է նա եւ նշել, որ Նախիջեւանում դրանից բացի ոչ մի վանք, եկեղեցի, գոյութիւն չունի:
«Նախիջեւանում աննախադէպ վանդալիզմ էր, եկեղեցին պայթեցրին, խաչքարերը աւազահատիկ սարքեցին, լցրեցին Արաքսը, սա մարդկային պատմութեան մէջ աննախադէպ է»,- ասել է նա:
Մասնագէտը նշել է, որ Նախիջեւանի տարածքում Ադրբեջանը «մասնագէտների» խումբ է ուղարկել, ովքեր ուսումնասիրում են Նախիջեւանի պատմական տարածքը, ինչն ըստ նրա արդէն սարսափ է բոլորի համար։
«Նրանց աշխատանքը ոչ թէ գիտական է, այլ նպատակ ունի հայկական հետքերը հեռացնել յուշարձաններից»,- ասել է եւ նշել, որ չնայած դրան, իհարկէ, չեն կարող թաքցնել այն փաստը, որը տարածքը հայկական է, ինչի մասին պատմում են գիտական աշխատանքները:
Արգամ Այւազեանի խօսքով՝ հայկական մշակութային արժէքների պահպանութեան ու քարոզչութեան հարցում հայկական կողմը պասիւ է պետականօրէն:
«Նոյնիսկ չկարողացանք «ԻՒՆԷՍՔՕ»-ի միջոցով Ադրբեջանին դրա համար պատասխանատւութեան ենթարկել: Պետական մակարդակով այս խնդիրները պէտք է բարձրացնել, ինչքա՞ն կարելի է անձնական ջանքերով փորձել այս խնդիրների վրայ ուշադրութիւն հրաւիրել: Սա միայն անձի խնդիր չէ»,- ասել է նա եւ նշել, թէ հայկական մշակոյթն են սեփականացնում: Նա անդրադարձաւ Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական փորձին՝ լաւաշը «ԻՒՆԷՍՔՕ»-ին ներկայացել որպէս սեփական մշակութային արժէք:
Նախիջեւանում յայտնաբերւած ուրարտական սեպագրերի մասին պատմող աշխատութիւնում հրապարակւել են 100-ի հասնող նկարներ եւ շրջակայ հայկական բնակավայրերի յուշարձաների պատկերներ: Ըստ նրա՝ Վիշապասարը հայագիտութեան առջեւ բացեց նոր գաղտնիքներ՝ 89-ին յայտնաբերւած ուրարտական սեպագիրը, որն ամենահինն է գտնւածներից՝ Ք.Ա 820-ականների:
Արգամ Այւազեանը նաեւ ներկայացրել է իր «Քեոթահիայի հախճապակին» գիրքը, որը նւիրւած էր Կոմիտաս վարդապետին, քանի որ Կոմիտասի պապերն էլ են եղել Քեոթահիայից: Ըստ նրա՝ հախճապակիների հաւաքածուների հիմնական մասը Յունաստանում է: