Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանի զինուած ուժերի կողմից ուսումնա-մարզական թռիչք կատարող Արցախի Պ.Բ.-ի ուղղաթիռի խոցումը դատապարտող Հ.Հ.-ի Ա.Գ.Ն.-ի յայտարարութիւնը շրջանառուել է որպէս Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր ասամբլէայի եւ Անվտանգութեան խորհրդի պաշտօնական փաստաթուղթ:

Յայտարարութեան մէջ ասուած է. «Խստօրէն դատապարտում ենք ուսումնա-վարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուած ուժերի կողմից:

Հիմնախնդրի կարգաւորմանն ուղղուած իւրաքանչիւր բարձր մակարդակի հանդիպումից առաջ եւ յետոյ Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի եւ միջազգային հանրութեան ջանքերն՝ ուղղուած հակամարտութեան բացառապէս խաղաղ յանգուցալուծմանը։

Ադրբեջանական կողմը կոպտօրէն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգաւորման վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։

Նման յանցաւոր սադրանքը ցոյց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրութեան կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահութեան միջոցների իրականացման մասին, այլեւ գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատուութիւնը»: