Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
Նոյեմբերի 13-ին նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եպիսկոպոսաց ժողովը, առաջին նիստի ընթացքում, մասնաւոր անդրադարձ ունեցաւ Արցախի առաջնագծում ադրբեջանական զինուած ուժերի կողմից Լ.Ղ.-ի պաշտպանութեան բանակի օդուժի ուղղաթիռի խոցման միջադէպին` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծուած սադրիչ գործողութիւնները:
Եպիսկոպոսաց դասը աղօթք բարձրացրեց առ Աստուած խոցուած ուղղաթիռի անձնակազմի զոհուած անդամներ մայոր Սերգեյ Սահակեանի, աւագ լեյտենանտ Սարգիս Նազարեանի եւ լեյտենանտ Ազատ Սահակեանի հոգիների հանգստութեան համար եւ սրտակցութիւն յայտնեց զոհուած հայորդիների ընտանիքներին ու հարազատներին:
Ստեղծուած մտահոգիչ կացութեան առջեւ եպիսկոպոսաց ժողովը իր զօրակցութիւնը յայտնեց Հ.Հ.-ի եւ Լ.Ղ.Հ.-ի իշխանութիւններին` հայցելով Տիրոջ խաղաղութիւնը հայրենի մեր երկրին եւ ժողովրդին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը յանձնարարեցին եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստեան արարողութիւններ զոհուած օդաչուների համար: Յանձնարարուեց նաեւ պետական եւ միջազգային լիազօր բոլոր ատեաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լ.Ղ.-ի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը խաթարող սադրիչ եւ ռազմատենչ գործողութիւնները եւ չէզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը: