Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

 

Գոհութիւն ենք մատուցում Սուրբ Երրորդութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որ շնորհը պարգեւեց` 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, եւ քննարկելու մեր Եկեղեցուն ու ժողովրդին յուզող հարցեր:

Աղօթքով ենք յիշում Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր զոհերին, ովքեր նահատակուեցին վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց: Հաւատում ենք, որ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի սրբադասումը հոգեւոր նորոգութիւն եւ մխիթարութիւն է բերելու մեր ժողովրդի զաւակներին: Յորդորում ենք մեր ժողովրդի աշխարհասփիւռ զաւակներին գործուն մասնակցութիւն բերել 100-ամեայ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին եւ անմեղ զոհերի սրբադասմանը` յիշատակի նուիրական արարողութիւնները դարձնելով քաջալերանք հաւատքի ամրութեան, հոգեւոր կեանքի նորոգութեան եւ հայ ինքնութեան պահպանութեան:

Եպիսկոպոսաց ժողովը հրաւէր է ուղղում քրիստոնեայ ողջ աշխարհին աղօթքով միանալու 2015 թ. Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած յիշատակի արարողութիւններին` հայցելով նաեւ Տիրոջ օրհնութիւնը աշխարհում արդարութեան, խաղաղութեան ու համերաշխութեան հաստատման եւ մարդկային կեանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրաւէրների յաղթահարման համար:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը` վճռականօրէն շարունակելու Օսմանեան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դէմ իրագործուած` 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացը: Կոչ ենք ուղղում նաեւ Թուրքիայի Հանրապետութեանը` ճանաչելու հայ ժողովրդի դէմ գործուած Ցեղասպանութիւնը եւ վերահաստատելու մեր ժողովրդի արդար իրաւունքները:

Աղօթում ենք առ Աստուած մեր նորօրեայ նահատակների` Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանութեան համար զոհուած հայորդիների հոգիների հանգստութեան համար: Դատապարտում ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողութիւնները, որոնց ցաւալի վերջին դրսեւորումը եղաւ նաեւ եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը եւ հայորդիների ողբերգական կորուստը: Աղօթք ենք բարձրացնում զոհուած հայորդիների հոգիների հանգստութեան համար` բերելով մեր ցաւակցութիւնն ու զօրակցութիւնը հայրենիքի համար զոհուած քաջարի մեր մարտիկների ընտանիքներին: Մեր ժողովրդի արդար իրաւունքների եւ պահանջատիրութեան իրականացման ճանապարհին կարեւոր հանգրուան պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան արդարացի եւ խաղաղ կարգաւորումը, համաձայն միջազգային նորմերի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչմամբ:

Եպիսկոպոսաց ժողովը նաեւ իր մտահոգութիւնն է յայտնում աշխարհի տարբեր կողմերում` մասնաւորաբար Միջին Արեւելքում` Սիրիայում եւ Իրաքում, ինչպէս նաեւ Ուկրաինայում չդադարող հակամարտութիւնների առիթով, որ պատճառ են դառնում մարդկային բազմաթիւ զոհերի եւ աւերածութիւնների: Մեր զօրակցութիւնն ենք բերում հակամարտութեան գօտիներում բնակուող խաղաղ բնակիչներին` այդ թւում եւ մեր ժողովրդի զաւակներին, աղօթելով ռազմական գործողութիւնների շուտափոյթ դադարի եւ աշխարհում համընդհանուր ու տեւական խաղաղութեան հաստատման համար:

«Քրիստոս է մեր Աստուած, եւ մէք իւսամք ի նա» վստահութեամբ ու Հայոց Ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակի առջեւ պարտքի գիտակցումով` եպիսկոպոսաց ժողովը վերանորոգում է իր սրբազան ուխտը շարունակելու իր նուիրական առաքելութիւնը՝ յանուն Հայ Եկեղեցու պայծառութեան, ազգային միասնականութեան, մեր երկրի զօրացման ու աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօրութեան:

Թող Ամենազօրն Աստուած պահապան լինի մեր Եկեղեցուն, Հայրենիքին եւ Ազգին Հայոց այսօր եւ յաւիտեանս, ամէն: