Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հ.Հ.-ի Ա.Գ.Ն.-ն ադրբեջանցիների կողմից Լ.Ղ.Հ.-ի Ռօու ուղղաթիռի խոցման կապակցութեամբ հանդէս է եկել յայտարարութեամբ.

«Խստօրէն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող` Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի МI-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուած ուժերի կողմից: Հիմնախնդրի կարգաւորմանն ուղղուած իւրաքանչիւր բարձր մակարդակի հանդիպումից առաջ եւ յետոյ Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի եւ միջազգային հանրութեան ջանքերն՝ ուղղուած հակամարտութեան բացառապէս խաղաղ յանգուցալուծմանը։

Ադրբեջանական կողմը կոպտօրէն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգաւորման վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։

Նման յանցաւոր սադրանքը ցոյց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրութեան կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահութեան միջոցների իրականացման մասին, այլեւ գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատուութիւնը»: