Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

 

Նոյեմբերի 4-ին Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալութեան 15-րդ տարեդարձը: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոսահիմն Ս. Տաճարում կատարւեց Հայրապետական մաղթանք:

Մայր Տաճարի աւետաբեր ղօղանջների ներքոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանի հետ հանդիսաւոր թափօրով առաջնորդւեց դէպի Մայր Տաճար:

Եկեղեցականաց թափօրով երկրպագութեան համար տաճար բերւեց նաեւ այս առիթով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի կողմից Մայր Աթոռին ընծայւած` 15 սրբերի մասունքներ ամփոփող Սկեւռայի հռչակաւոր մասնատուփի կրկնօրինակը` պատրաստւած բարերարութեամբ մոսկւաբնակ տիար Տիգրան Ղազարեանի:

Մինչ արարողութիւնը Ամենայն Հայոց Հայրապետի գահակալութեան տասնհինգ տարիներին անդրադարձ կատարեց եւ Մայր Աթոռի միաբանութեան ու համայն հայ ժողովրդի անունից Նորին Սրբութեանը շնորհաւորեց Մայր  Աթոռի դիւանապետ գերշ. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:

Իր խօսքում Արշակ Սրբազանը մասնաւորապէս ասաց. «Այսօր համախմբւել ենք Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` տօնակատարելու հայոց հայրապետական Աթոռի 132-րդ գահակալի` Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան 15-րդ տարեդարձը:

Գահակալութեան այս 15 տարիներն եղան դժւարութիւններով ձեռքբերւած յաջողութիւնների ու նւաճումների տարիներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընտրւեց Հայ եկեղեցու գահակալ մեր երկրի համար ճակատագրականօրէն դժւարին ու լարւած իրավիճակում, երբ հայոց օրէնսդիր մարմնում ոճրագործի ձեռքով սպանւեցին երկրի Ա.Ժ.-ի նախագահը, վարչապետը եւ նւիրեալ միւս հայորդիները: Ստեղծւեց մի իրավիճակ, երբ դրամատիկօրէն միախառնւեցին անէծքն ու օրհնութիւնը, լոյսն ու խաւարը: Մի կողմից սպանդ ու ոճրագործութիւն, միւս կողմից հայոց կաթողիկոսի, Լուսաւորչի աթոռի գահակալի ընտրութեան ուրախութիւն: Այսօր այստեղ ներկաներից շատերս յիշում ենք այդ օրերը եւ, վստահ եմ, ժամանակային հեռաւորութիւնից անգամ անհնար է յաղթահարել այդ օրերի տագնապներն ու յոյզերը:

Հոկտեմբերի 27-ի իրադարձութիւններն էականօրէն կանխորոշեցին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաքելութիւնը: Նորին Սրբութիւնն իր առաջին պարտականութիւնը համարեց լծւել իր հօտի անվտանգութեան անմիջական կարիքների ապահովմանը, ջանքեր գործադրեց հայոց պետականութեան հիմքերի ամրապնդման համար` յաճախ նաեւ այս ճանապարհին կրելով անհարկի եւ անհիմն յարձակումներ ու վերագրումներ` անգամ յարմարւողականութեան եւ իշխանամէտութեան մէջ:

Եկեղեցին, սակայն, երբեք չի հաւատում յեղափոխութեանը, Եկեղեցին հաւատում է հոգեփոխութեանը: Կեանքի բոլոր ասպարէզներում սա է Եկեղեցու սոցիալական հաւատամքը, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաւատարիմ է եղել եւ այսօր էլ հաւատարիմ է այդ հաւատամքին:

Համայն հայութեան ուղղւած հայրապետական իր առաքելութիւնն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաւալել է բազմաթիւ ուղղութիւններով, եւ դժուար է այն մէկ խօսքի մէջ ամփոփել:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան շրջանին վերաշխուժացաւ առաքելութիւնը եկեղեցիների հաւատացեալների շրջանում: Վերակազմակերպւեցին եկեղեցասէր երիտասարդաց միութիւնները, հանրակրթական դպրոցներում ներդրւեց Հայ եկեղեցու պատմութեան առարկան, առանց հոգեւոր խնամքի չմնացին նաեւ բարձրագոյն կրթական հաստատութիւններն ու մանկապարտէզները, գործնականօրէն աւելի լայն թափ ստացաւ հայորդաց տների գործունէութիւնը:

Հոգեւորականներն այսօր իրենց ծառայութիւնն են բերում նաեւ Հ.Հ.-ի Զինւած ուժերում եւ կալանավայրերում:

Ոչ շատ ժամանակ առաջ էր, երբ հայոց անկախութեան տօնի առիթով կազմակերպւած զօրահանդէսի ժամանակ հայ հպարտ ու անպարտ զինւորի կողքին քայլում էր հայ եկեղեցականների գունդը: Յիշում եմ քանի-քանի հայեացքներ զարմանքով ու անգամ արտասուքով էին հետեւում կարծես Վարդանանց ժամանակներից վերածնւած այս տեսարանին:

Ամենայն Հայոց Հայրապետի գահակալութեան տարիները առաձնանում են նաեւ Հայոց եկեղեցու կառավարման ոլորտում արձանագրւած յաջողութիւններով:

Ոչ շատ ժամանակ առաջ էր, երբ երկար տարիների ընդմիջումից յետոյ գումարւեց Հայոց եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը, որ կանոնականօրէն բարձրագոյն կառավարման մարմիններից մէկն է Հայոց եկեղեցում: Կեանքի կոչւեց Եկեղեցական ներկայացուցչական ժողովը` կազմւած հոգեւոր դասից եւ Նւիրապետական աթոռների ու թեմերի պատւիրակներից: Այս աշխատանքների շնորհիւ մի շարք թեմերում ներդրւել են Հայոց եկեղեցու կանոնական սկզբունքները հարազատօրէն արտացոլող կանոնադրութիւններ:

Գարեգին Երկրորդի գահակալութեան 15 տարիներին որակական նոր յարաբերութիւններ ձեւաւորւեցին Հայրենի պետութեան հետ: Եկեղեցական տօնացոյցը, որ արտայայտում է հայ ժողովրդի պատմութեան ազգային-մշկութային կեանքի հանգուցային իրադարձութիւնները, կարեւորութեամբ արտացոլւեց պետական տօնացոյցում` հաստատելով այն իրողութիւնը, որ հայոց պետականութիւնը, լինելով հանդերձ հանդուրժողական այլ կրօնների եւ հաստատութիւնների նկատմամբ, որոշապէս կրում է ազգային դիմագիծ եւ առաջնորդւում ազգային արժէքների պահպանութեան քաղաքականութեամբ: Մեր պետութեան հետ յարաբերութիւններն արդիւնաւորւած են նաեւ Հ.Հ.-ի օրէնսդիր բարձրագոյն մարմնի կողմից Հայ եկեղեցու մասին առանձին օրէնքի հռչակումով` պետութեան կողմից Եկեղեցուն վերադարձւած բազմաթիւ սրբավայրերով, որոնք այսօր ծառայում են մեր ժողովրդի հոգեւոր կեանքի շինութեանը: Հայոց պետութեան հետ յարաբերութիւնների բարձր մակարդակը վկայւած է նաեւ այսօր այստեղ` ներկայութեամբ Հ.Հ.-ի նախագահ տիար Սերժ Սարգսեանի, Հ.Հ.-ի վարչապետ տիար Յովիկ Աբրահամեանի եւ պետական պաշտօնատար բարձրաստիճան անձանց:

Այսօր մենք փառք ենք մատուցում Տիրոջը, որ հակառակ բազում դժւարութիւնների, Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդութեան արդիւնքում, կամօքն Աստուծոյ եւ նախախնամութեամբ մեր Եկեղեցին զօրանում է, զօրանում է նոր սպասաւորներով, նորոգւող եւ կառուցւող սրբավայրերով, զօրանում է հաւատացեալների ջերմեռանդ հաւատքով ու նւիրումով: Մեր Եկեղեցին զօրանում է նաեւ այս մասունքներով, որ ամփոփւած են Սկեւռայի նշանաւոր այս մասնատուփի մէջ, որը, իբրեւ ընծայ, Հայոց Հայրապետին մատուցւել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի կողմից, եւ աւանդաբար ի համբոյր պիտի մատուցւի հաւատացեալներին գահակալութեան ամէն տարեդարձի առիթով: Մեր Եկեղեցին եւ Հայոց Կաթողիկոսը, սիրելի քոյրեր եւ եղբայրներ, զօրանում են նաեւ ձեր աղօթքներով ու սիրով: Հայոց Եկեղեցին ու Հայոց Կաթողիկոսը զօրանում են անգամ շատերի անհիմն քննադատութիւններով ու յանիրաւի մեղադրանքներով, քանզի ինչպէս աւանդում է մեր ժողովրդի իմաստութիւնը՝ «Պտղատու ծառը առանց քար չի մնում»:

Վեհափառ Տէր, այսօր գահակալութեան Ձեր 15-րդ տարեդարձի առիթով թոյլ տւէք հաւաքաբար փոխառել Աստծու հետ Ձեր մտերմութեան հայրապետական բացառիկ Ձեր շնորհը` Տիրոջից միայն Ձեզ զօրակցութիւն հայցելու եւ աղօթելու Ձեր քաջառողջ արեւշատութեան ու արդիւնաւոր գահակալութեան համար: Թող Աստւած նորոգի Ձեր մէջ ուժն ու կորովը` նոր իրագործումներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելութիւնը ի շինութիւն մեր երկրի եւ ի մխիթարութիւն աշխարհասփիւռ մեր ժողովրդի:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն ընդ մեզ եւ ընդ ամենեսեանս. ամէն»:

Այնուհետեւ, նախագահութեամբ Արցախի թեմի առաջնորդ գերշ. Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի, կատարւեց Հայրապետական մաղթանքի արարողութիւնը, որի ընթացքում ներկաներն աղօթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան անսասանութեան ու պայծառութեան եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արեւշատութեան եւ արգասաւոր հովւապետութեան համար:

Արարողութեանը ներկայ էին նաեւ Հ.Հ.-ի Կառավարութեան, Գերագոյն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներ, մարզային եւ քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, բարերարներ, Մայր Աթոռի պաշտօնէութիւնը, երիտասարդաց միութիւնների անդամներ, Գէորգեան հոգեւոր ճեմարանի եւ «Էօռնեկեան» դպրոցի սաներ: