Աղբիւր՝ www.aztagdaily.com
Օլանդի հրաւէրով աշխատանքային այցելութեամբ Փարիզում գտնւող նախագահ Սերժ Սարգսեանը ՓԱՐԻԶՈՒՄ. ՍԱՐԳՍԵԱՆ – ՕԼԱՆԴ – ԱԼԻԵՒ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՏԱԳՆԱՊԻ ԼՈՒԾՄԱՆ ՋԱՆՔԵՐԻ ԾԻՐՈՒՄԷլիզէի պալատում տեսակցեց նախագահ Օլանդի հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկեցին հայ-ֆրանսական յարաբերութիւնները, ինչպէս նաեւ անդրադարձան շրջանային եւ միջազգային խնդիրներին եւ մարտահրաւէրներին: Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն յայտնեց նախագահ Օլանդին` ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահութեան մէջ Ֆրանսիայի դերակատարութեան եւ Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծմանն ուղղւած փարիզեան հանդիպման նախաձեռնութեան համար:
Նշենք, որ ԱՓԱ լրատու գործակալութիւնը հաղորդեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպման ընթացքին քննարկման հիմնական նիւթն է եղել Լեռնային Ղարաբաղի տագնապի խաղաղ լուծման հարցը: Քննարկումների վերաբերեալ այլ մանրամասնութիւններ չկան, փոխանցած է լրատու գործակալութիւնը:
Օլանդ – Սարգսեան հանդիպման ընթացքին զրուցակիցները կրկին ընդգծեցին, որ հայ-ֆրանսական առանձնաշնորհեալ յարաբերութիւնները վկայութիւնն են ընդհանուր արժէքների վրայ հիմնւած հայ եւ ֆրանսացի ժողովուրդների դարաւոր բարեկամութեան, եւ թէ այդ յարաբերութիւնները տարէց տարի աւելի են ամրապնդւելու բարձր մակարդակի փոխադարձ այցելութիւններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացած համագործակցութեան ընդլայնումով եւ զարգացումով` փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր մարզերի մէջ, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների ծիրում համագործակցութեամբ: Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Ֆրանսուա Օլանդը գոհունակութեամբ ընդգծեցին, որ քաղաքական բարձր մակարդակի երկխօսութիւնից բացի, աշխուժօրէն զարգանալու եւ ամրապնդւելու նաեւ տնտեսական կապերը. ֆրանսական ներդրումների ծաւալը հայաստանեան տնտեսութեան մէջ այսօր արդէն կազմում է շուրջ մէկ միլիարդ դոլար:
Նախագահ Օլանդը շնորհակալութիւն յայտնեց նախագահ Սերժ Սարգսեանին` միջազգային խաղաղապահ առաքելութեան Հայաստանի մասնակցութեան, ինչպէս նաեւ ափրիկեան շրջանի մէջ ՄԱԿ-ի հովանու ներքեւ իրականացւող գործողութիւններին հայկական կողմի մասնակցութեան պատրաստակամութեան համար:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի տագնապի խաղաղ լուծման հոլովոյթին` նախագահ Սարգսեանն ընդգծեց, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել բացառապէս խաղաղ բանակցութիւնների միջոցով տագնապի լուծմանը եւ նշեց, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ջանքերը, որոնց նպատակն է բանակցային հոլովոյթը յառաջ մղել, շրջանում մնայուն խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատել:
Հայաստանի եւ Ֆրանսայի նախագահների հանդիպումից յետոյ Փարիզի Մարինյի պալատում ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահների մասնակցութեամբ տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծմանն ուղղւած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցութիւնները, որոնք աւելի ուշ ամփոփւեցին Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի եռանախագահների հանդիպման ժամանակ: