Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանի տնտեսական աճը 2014 թւականին կը կազմի մօտ 4 տոկոս, կարծում է տնտեսագէտ, «Այլընտրանք» հետազօտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասէրեանը: 

«Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները 2014 թւականին հաւանաբար ակնկալւածից ցածր կը լինեն: Դա պայմանաւորւած է ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին գործօններով»,- ուրբաթ ասաց Մանասէրեանը: 

Նա նշեց, որ ակնկալւող ցուցանիշը շատ ցածր է, քանի որ Հայաստանը երկնիշ աճի ներուժ ունի: 

«Քիչ են օգտագործւում հայկական սփիւռքի հնարաւորութիւնները, այն դէպքում, որ որոշ սփիւռքահայերի կարողութիւնը գերազանցում է մեր երկրի տարեկան բիւդջէն: Մէկ այլ խնդիր է ներդրումների փոքր ծաւալը, ինչը բացատրւում է Հայաստանի ներդրումային քաղաքականութեան նկատմամբ վստահութեան պակասով»,- ասաց փորձագէտը: 

Նա նշեց, որ արտասահմանեան ներդրումների ազդակ կարող է ծառայել ներքին ներդրումների աճը, ինչպէս նաեւ կառավարութեան ճիշտ քաղաքականութիւնն այս ոլորտում: 

Արտասահմանեան ուղիղ ներդրումների ներհոսքը հայկական տնտեսութիւն այս տարւայ վեց ամիսներին կազմել է շուրջ 249,9 միլիարդ դրամ, իսկ արտասահմանեան ուղիղ ներդրումների զուտ հոսքը` 75 միլիարդ դրամ: Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով` իրական հատւածում արտասահմանեան համախառն ներդրումների առաջատարը հաշւետու ժամանակահատւածում Ռուսաստանն է: Այդ երկրի ներդրումները հայկական տնտեսութեան իրական հատւածում կազմել են մօտ 213,2 միլիարդ դրամ: Միաժամանակ, 196,8 միլիարդ դրամ ռուսական ներդրումները Հայաստանում բաժին են ընկել արտասահմանեան ուղիղ ներդրումներին:

2014 թւականի պետբիւդջէի համաձայն, հայկական տնտեսութեան աճն այս տարի ծրագրւած է 5,2% մակարդակում, իսկ գնաճը` 4% (±1,5%) չափով: