Աղբիւր՝ www.aztagdaily.com
News.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի հանրապետութեան քաղաքաշինութեան նախարարութեան տւեալներով` հանրապետութեան մէջ թրքական շինարարական ընկերութիւններ չեն գործում: Այս մասին կառավարութեան նախանցեալ օրւայ նիստի ընթացքում յայտարարել է քաղաքաշինութեան նախարար Նարեկ Սարգսեանը, ով ասաց, որ ինքն այդ մասին տեղեկացել է մամուլից եւ յանձնարարել է ստուգել տեղեկութիւնը: Նախարարութիւնը դիմել է Երեւանի քաղաքապետարան` իբրեւ մայրաքաղաքի տարածքում շինարարական արտօնութիւններ տրամադրող մարմին: Թուրքիայից ոչ մէկ ընկերութեան արտօնութիւն չի տրամադրւել:
«Նոյն պատասխանն ստացանք մարզպետարաններից: Ուրեմն, մեր տւեալներով, Հայաստանում Թուրքիայից կառուցապատողներ այս պահին չկան: Եթէ այդպիսիներ լինէին, ես դրա մէջ վատ բան չեմ տեսնում: Ուղղակի փաստն եմ արձանագրում»,- նշել է Սարգսեանը:
Յիշեցնենք, որ թրքական «Սապահ» թերթի կայքը յայտնել էր, որ թրքական «Էօզթիւրքլեր հոլդինգ» ընկերութեան նախագահ Եուսուֆ Էօզթիւրքը յայտարարել էր Երեւանում շէնք կառուցելու մասին: