Աղբիւր՝ www.yerkir.am
Սուրբ աթոռ պաշտօնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսեանն առանձնազրոյց է ունեցել Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետութեան ղեկավարը եւ Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ են խօսել Հայաստանի եւ Վատիկանի միջեւ բարձր մակարդակի յարաբերութիւնների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ յարաբերութիւնները սերում են քրիստոնէական նոյն արժեհամակարգից եւ գաղափարախօսութիւնից:
Զրուցակիցները կարեւորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելութիւններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ յարաբերութիւնները մշտապէս ուշադրութեան կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամութեան մասին:
Սերժ Սարգսեանը եւ Նորին Սրբութիւնը մտքեր են փոխանակել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ հաստատւած սերտ համագործակցութեան մասին: Հանդիպման ընթացքում նախագահը քահանայապետին պաշտօնապէս հրաւիրել է 2015 թւականին այցելել Հայաստան: Քահանայապետը սիրով ընդունել է հրաւէրը` վստահեցնելով, որ իր սրտի ցանկութիւնն է գալ Հայաստան:
Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Սուրբ աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրօ Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանեան յարաբերութիւնների ներկան եւ զարգացման հեռանկարը:
Կողմերը գոհունակութեամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատւածում այդ յարաբերութիւնները զարգանում են բարձր տեմպերով եւ գործակցութեան ամենատարբեր հարթութիւններում: Հանդիպման ընթացքում քննարկւել են Մերձաւոր արեւելքում քրիստոնեաներին եւ քրիստոնէական ժառանգութեանն առնչւող արդի հիմնախնդիրները:
Նախագահ Սերժ Սարգսեանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամութիւնը մասնակցելու այս ուղղութեամբ իրականացւող աշխատանքներին: Անդրադարձ է եղել նաեւ Լ.Ղ.-ի հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանն առնչւող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել կարդինալ Պիետրօ Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ աթոռի հաւասարակշռւած դիրքորոշման համար: Այցի շրջանակներում Սերժ Սարգսեանն հանդիպում է ունեցել նաեւ Սուրբ աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ: