Հայաստանում Հ.Մ.Ը.Մ.-ական 10-րդ ընդհանուր բանակումի բացումը տեղի ունեցաւ հինգշաբթի` 2014 թւականի յուլիսի 31-ի յետ-միջօրէին, նախ Բիւրականի բանակավայրում, ապա սկաուտները տեղափոխւեցին Երեւան, որտեղ Ազատութեան հրապարակից տողանցեցին դէպի Հանրապետութեան հրապարակ եւ հիւրերի ներկայութեամբ պաշտօնապէս բացւած յայտարարւեց բանակումը:
Բանակումին իրենց մասնակցութիւնն էին բերել Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Յորդանանից, Քովէյթից, Իրաքից, Երուսաղէմից, Միացեալ նահանգներից, Կանադայից, Աւստրալիայից, Հարաւային Ամերիկայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Հոլանդիայից, Յունաստանից եւ Իրանից շուրջ 800 սկաուտներ։ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Սկաուտական միաւորը ծրագրին մասնակցել էր 7 սկաուտներով:
Աշխարհասփիւռ հայ սկաուտները, մէկտեղւելով հայրենիքում, 10 անմոռանալի օրեր ապրեցին, ծանօթանալով հայրենի պատմութեան եւ բնութեան հետ, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանութեան զոհերին եւ Արցախեան պատերազմի նահատակներին, այցելեցին Սարդարապատ, Էջմիածին, քանի եկեղեցիներ, վանքեր եւ Վազգէն Սարգսեանի անւան զօրանոց: Նրանք միմեանց հետ մրցեցին ֆիզիքական եւ գիտական բնագաւառներում, նաեւ առիթ ունեցան տաղաւարների միջոցով ծանօթանալու երկրների մշակոյթին ու կենցաղին:
Իրանի պատւիրակութիւնը լաւագոյն բանակավայրերի նաեւ զարգացման մրցոյթի եւ երկրի տաղաւարի ներկայացման իմաստով լաւագոյնների շարքում 3-րդը հանդիսացաւ:
Բանակումի փակման հանդիսութիւնը տեղի ունեցաւ օգոստոսի 2-ին բանակավայրում:
Սկաուտները բազմաթիւ ու հետաքրքիր յուշերով եւ փորձառութիւններով վերադարձան իրենց երկրները, որպէսզի իւրաքանչիւրն իր սովորածը փոխանցի իր միութեան միւս սկաուտներին: