Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ադրբեջանական զինւած ուժերի մարտական յենակէտերից 2014 թւականի յունիս-օգոստոսին տարբեր տեսակի զէնքերից Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը գնդակոծելու դէպքերի առթիւ յարուցւել է քրէական գործ՝ միջազգային ահաբեկչութեան յատկանշերով: Դիմատետրի իր էջի վրայ այս մասին գրել է Հայաստանի գլխաւոր դատախազութեան մամլոյ խօսնակ Սոնա Տռուզեանը:

«Փաստական տւեալները վկայում են, որ ադրբեջանական զինւած ուժերի մարտական յենակէտերից կրակահերթեր են արձակւել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից՝ Հայաստանի Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերում իրականացնելով պայթիւններ եւ հրկիզումներ՝ ուղղւած Հայաստանի քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասւածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները, հաղորդակցման, կապի միջոցները, գոյքը, ցանքատարածքները վնասելուն: Քրէական գործն ուղարկւել է Ազգային անվտանգութեան ծառայութիւն, որտեղ էլ շարունակւում է նախաքննութիւնը»,- նշւել է արձանագրութեան մէջ: