Աղբիւր՝ www.asbarez.com

 

22 օգոստոսին կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում քաղաքագէտ Պետրոս Գերպեկչեանն ու Քարվաճառի գումարտակի մասին ժապաւէն պատրաստած բեմադրիչ Արշակ Զաքարեանը խօսել են վերջերս սահմանի վրայ տեղի ունեցած ներթափանցման փորձերի, ինչպէս նաեւ ժապաւէնի կարեւորութեան մասին։

Ադրբեջանական բանակի կողմից պարբերական կերպով սահմանի վրայ ստեղծւած լարւածութիւնը, ըստ քաղաքագէտ Պետրոս Գերպեկչեանի, նախորդներից տարբերւում է նրանով, որ այս անգամ ադրբեջանական բանակի կորուստները մեծ էին՝ մօտաւորապէս 60 զոհ: Քաղաքագէտը դիտել է տւել, որ սադրիչ գործողութիւնների պարբերականութիւնը շարունակւելու է, սակայն լայնածաւալ յարձակումներ չեն կատարւում:

Շարժապատկերի բեմադրիչ Արշակ Զաքարեանը նոր է վերադարձել Քարվաճառի դիրքերից, որտեղ վերջերս ներթափանցել էր ադրբեջանական հետախուզական խումբը: «Խմբի չէզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մէկ դիւերսանտի: Թուրքերն այստեղ լաւ դաս ստանալուց յետոյ խեղճացել են։ Մեր տղաներն երբեք չեն երկնչի, նրանց մարտական ոգին բարձր է, կռւելու պատրաստակամ են»,- յայտնել է նա։

Բեմադրիչի արցախեան ճանապարհորդութեան ուղեկիցն եղել է իր 7-ամեայ որդին, որ 2 օր դիրքերում ապրել է զինւորների հետ, զէնք է վերցրել, դիրք պահել, շնչել վառօդի հոտը:

«Այսօր մեր զինւորի անձնուրաց արարքների մասին ոչ մէկը չի բարձրաձայնում՝ ի տարբերութիւն ռուսների, որոնք չեչենների հետ պատերազմներում յատուկ են ներկայացնում իրենց զինւորներին: Իսկ մենք այսօր որեւէ ֆիլմ չունենք մեր պատերազմների ու զինւորների սխրանքների մասին»,- նշել է Զաքարեանը՝ աւելացնելով. «Շուտով հանրութեան դատին կը ներկայացնի Քարվաճառի N գումարտակի զինւորների սխրանքների մասին պատմող ֆիլմը»:

Իր խօսքի աւարտին բեմադրիչը լրագրողների միջոցով զինւորների կոչը փոխանցել է սփիւռքահայութեանը. «Վերադարձէք ձեր հայրենիք, այս տարածքները ձեր համար ենք պաշտպանում»: