Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Իրաքեան Քիւրդիստանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնւող Լալշա Մուրանի սրբատեղիում 15 օր առաջ ստեղծւել է Եզդիների փրկութեան կոմիտէ, որh զբաղւում է ցեղասպանութիւնից տուժած եզդիների հաւաքագրմամբ, կորած եզդիների անուն-ազգանունների արձանագրմամբ»։ 20 օգոստոսին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում այս մասին յայտնել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միաւորում կազմակերպութեան խորհրդի նախագահ Ամօ Շարոյեանը։

«Մեր հոգեւոր սրբավայրում ստեղծւել է Եզդիների փրկութեան կոմիտէ, որը ղեկավարում է մեր հոգեւոր առաջնորդի որդի Հազի Բեկը, դրա կազմում կան նաեւ Հայաստանից բարերար Միրզա Խանոյեանը, Ռուսաստանից եւ ամբողջ աշխարհից ընդամենը 13 մարդ, որոնք այս պահին հիմնականում զբաղւում են ինչպէս հումանիտար օգնութեան կօօրդինացման հարցերով, այնպէս էլ Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի յետագայ ճակատագրով»,- ասել է Շարոյեանը։

Նորաստեղծ Եզդիների փրկութեան կոմիտէի գլխաւոր խնդիրը, ըստ «Միդիա-Շանգալ»-ի խորհրդի փոխնախագահ Գիւրջիս Քոչոյեանի, գերտէրութիւնների ուշադրութեան է յանձնւել եզդի ժողովրդի դէմ տեղի ունեցող ցեղասպանութիւնը. «Նաեւ սարերում գտնւող մեր եզդի եղբայրներին կը փորձենք համոզել, քաջալերել, որ այս ամենից յետոյ նրանք վերադառնան իրենց պապական հայրենիք»։

Ըստ Ամօ Շարոյեանի՝ իրենց տւեալներով ներկայ դրութեամբ Իրաքի Շանգալ մարզում զոհւած եւ անյայտ կորած եզդիների ընդհանուր թիւը հասնում է շուրջ 10 հազարի։ Նորաստեղծ կոմիտէի մէջ աշխատող փորձառու իրաւաբանների օգնութեամբ, եզդիները յառաջիկայում պատրաստւում են դիմելու Հաաքայի քրէական դատարան՝ կատարւածը ցեղասպանութիւն որակելու եւ մեղաւորներին պատժելու պահանջով։

Ամօ Շարոյեանը նաեւ իր խորին երախտագիտութիւնն է յայտնել Լեռնային Ղարաբաղի կառավարութեան, որ յայտարարել է, թէ պատրաստ է ապաստան տրամադրելու եզդի գաղթականներին։

«Երէկ Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի մամուլի խօսնակը յայտարարեց, որ պատրաստ են ընդունել եզդի ժողովրդի փախստականներին եւ ես յայտնում եմ իմ խորին շնորհակալութիւնը, քանի որ իրաւունքի այդ սուբեկտը, չնայած իր խնդիրներին, պատրաստ է օգնել եզդի ժողովրդին»,- յայտնել է նա։