Աղբիւր՝ www.asbarez.com
Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը պաշտպանութեան բանակի զօրամասերից մէկում մասնակցել է ամառնային ուսումնական շրջանի մեկնարկին, որի ընթացքում շքանշաններով պարգեւատրւել են հակառակորդի ներթափանցման փորձերի կասեցման ընթացքում իրենց ներդրումն ունեցած զինւորները:
Բացի մեդալներից, Մովսէս Յակոբեան դրամական պարգեւներ են շնորհւել նաեւ մի շարք զինւորների եւ ազատամարտիկների, որոնք աշխոյժ կերպով մասնակցել են հակառակորդի ներթափանցման գործընթացին։ Նախարարի կողմից 200 հազար դրամով պարգեւատրւեցին աւագ հարիւրապետ Հայկ Խալաթեանը, «ով աչքի էր ընկել խիզախութեամբ՝ հակառակորդին կորուստներ պատճառելով եւ յետ շպրտելով»: Նա նաեւ առաջադրւելու է պետական պարգեւի:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանն իր խօսքի մէջ ասել է. «Անցած 6 ամիսները պաշտպանութեան բանակի համար հանդիսացան պաշտպանութեան բանակի մարտական պատրաստականութեան, անձնակազմի արհեստավարժութեան եւ պաշտպանական բանագծերի ինժեներական արգելափակոցների կատարելագործման, հայրենիքի պաշտպանութեան վսեմ եւ փայլուն իրականացման արդիւնաւէտ շրջան, որով առաւել հարստացաւ մեր զինւած ուժերի տարեգրութիւնը: Համոզւած եմ, որ պաշտպանութեան բանակի իւրաքանչիւր զինծառայող, մանաւանդ, մարտական հերթապահութիւնում ընդգրկւած զինւորը, այսուհետեւ եւս պատրաստ է հանդէս բերել բարձր մարտական ոգի, նոյն յաջողութեամբ շարունակել դաստիարակւելու եւ ուսուցման համատեղումը: Դրանց են միտւած բանակային իւրաքանչիւր տարւայ յագեցած միջոցառումները, գործնական պարապմունքները»։
Յակոբեանն ընդգծել է, որ այդ բոլորը տեսանելի է ո՛չ միայն ամփոփիչ արդիւնքներով, այլ նաեւ վերջերս հակառակորդի կողմից յաճախակի դարձած զինադադարի խախտումներով, ներթափանցման-հետախուզական փորձերի կանխարգելումներով: «Արդէն շուրջ մէկ ամիս է, իսկ եթէ աւելի ընդգրկուն դիտարկենք, ապա այս տարւայ սկզբից ադրբեջանական կողմը շարունակել է իր որդեգրած արկածախնդրային գործելաոճը, ինչի հետեւանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարւել է: Ադրբեջանական զօրախմբերը չեն դադարեցրել դիւերսիոն գործողութիւններ իրականացնելու փորձերը: Մեր դիրքերի ուղղութեամբ կիրառւել են խոշոր տրամաչափի զինատեսակներ, նռնակներ, ականանետեր, զենիթային հրանթօների արկեր, յաճախակիացել են նաեւ սահմանամերձ գիւղերի գնդակոծումները»,- յայտնել է նախարարը՝ աւելացնելով, որ հակառակորդին կարող է լռեցնել միայն համարժէք պատասխանը, որ տրւել է:
Ըստ նրա՝ սահմանագծի վրայ տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները համախմբել են հայ ժողովրդին. իրար անծանօթ զինւորները դարձել են ընկերներ, ընկերները՝ եղբայրներ, ձեւաւորւել է վստահութիւն եւ յարգանք իրար նկատմամբ: «Նրանք մարտադաշտում իրականում տեսել եւ համոզւել են, թէ ինչ բան է զինւորական կոլեկտիւիզմը, տեսել եւ համոզւել են, որ միայն ընկերութեան վեհ գաղափարն է ունակ զինւորին դարձնել անխոցելի: Բանակի կողքին կանգնեցին բոլորը՝ գիւղացիներ, ուսուցիչներ, պետական գործիչներ, գիտնականներ: Մէկ ակնթարթում հայրենիքը բոլորի համար դարձաւ սրբարան: Մենք մեր թիկունքում զգում ենք նաեւ մեր առիւծածին մայրերի աջակցութիւնը եւ օրհնանքը: Սա է ազգի գոյատեւման անժխտելի բանաձեւը: Մենք պէտք է շարունակենք նոյն ոգով»,- յայտնել է Յակոբեանը:
Յակոբեանը տեղեկացրել է, որ 26 յուլիսից մինչեւ 5 օգոստոս հակառակորդը կատարել է շուրջ 7 ներթափանցման-հետախուզական գործողութիւն, որոնց ընթացքում կրել է կորուստներ եւ շպրտւել է իր դիրքերը: Պաշտպանութեան բանակի զինւած ստորաբաժանումները եւ մարտական հերթապահութիւն կատարող զինւորները կարողացել են ետ մղել թշնամուն՝ պատճառելով զգալի կորուստներ: «Այդ ժամանակահատւածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տւել է 40 զոհ եւ 30-ից աւելի վիրաւոր: Նոյն ժամանակահատւածում յանուն իրենց հայրենիքի պաշտպանութեան հերոսական մարտում ընկել են պաշտպանութեան բանակի 6 մարտիկներ: Յաւերժ փառք նրանց»,- յայտնել է Յակոբեանը։
Այնուհետեւ ներկաները մէկ վայրկեան լռութեամբ յարգել են ներթափանցման գործողութիւններին իբրեւ հետեւանք զոհւած զինւորների յիշատակը: Հանդիսութիւնը աւարտւեց զինւորականների հանդիսաւոր քայլերթով: