Աղբիւր՝ www.asbarez.com
Արցախի հանրապետութիւնը պատրաստ է իր կարելիութեան սահմանների մէջ օգնել եզդի գաղթականներին: «Թերթ»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում այս մասին յայտնել է Արցախի հանրապետութեան նախագահի մամլոյ բանբեր Դաւիթ Բաբայեանը՝ նշելով, որ նախ եւ առաջ քաղաքական գնահատական պէտք է տալ բոլոր տեղի ունեցածին:
«Հայ ժողովուրդը չի կարող անտարբեր մնալ այն բոլոր երեւոյթներին, որոնք ներկայ դրութեամբ կատարւում են եզդի ժողովրդի հետ: Եզդի ժողովուրդը միակ ժողովուրդն է, որը դարձել է մեր ժողովրդի անբաժան մասը. թէպէտ լինելով այլ ազգ, ունենալով այլ դաւանանք, բայց դարձել է հայութեան մի մասը: Բախտակից ազգ ենք մենք եւ հարիւրամեակներ շարունակ միասին պայքարել ենք ընդհանուր թշնամիների դէմ, եւ այսպէս ասած՝ մեր ճակատագիրն է միասնական դարձել»,- նշել է Դաւիթ Բաբայեանը՝ աւելացնելով. «Դրա համար այն, ինչ կատարւում է եզդիների հետ, դա կատարւում է հայութեան հետ, ես այդպէս եմ գնահատում, որովհետեւ մենք չենք կարող տարանջատել մեր ճակատագրերը: Հետեւաբար, Իրաքում կատարւում է եզդիների ցեղասպանութիւն, եւ հաշւի առնելով այդ ժողովրդի՝ մեզ այդքան մօտիկ լինելը, դա կարելի է համարել Հայոց ցեղասպանութիւն, դա նոյն երեւոյթն է: Դատապարտում ենք այն ամէնը, ինչ տեղի է ունենում եզդի ժողովրդի հետ: Միջազգային հանրութեանը եւ բոլոր պետութիւններին, ովքեր լծակներ ունեն այնտեղ, կոչ ենք անում օգնել եզդի ժողովրդին»:
Դաւիթ Բաբայեանի համաձայն՝ ցարդ ոչ ոք չի դիմել. «Բայց եթէ դիմի, մեր ուժերի ներածին չափով կը փորձենք օգնել: Սա մեր պարտքն է ե՛ւ որպէս մարդասիրական պետութիւն, ե՛ւ որպէս եղբայրական ազգ: Մենք ոչ թէ կոչ ենք անում եզդիներին թողնել իրենց պատմական հայրենիքը, այլ ասում ենք՝ մենք ձեզ հետ ենք ե՛ւ բարոյապէս, ե՛ւ ամէն ձեւով, եւ եթէ որեւէ մէկը ցանկութիւն յայտնի գալ Արցախ կամ Արցախից որեւէ աջակցութեան կարիք ունենայ, մենք պատրաստ ենք»,- յայտարարել է Դաւիթ Բաբայեանը:
Նման փափագի պարագային սահմանի հատման հարցին անդրադառնալով՝ Դաւիթ Բաբայեանը դիտել է տւել, որ եթէ փափագ յայտնեն գալ, ապա պէտք է անցնեն Հայաստանի միջոցով, եւ սահմանի հատման հարցը թեքնիք հարց է:
«Չենք ուզում հիմա ոսկէ սարեր խօսք տալ, դա ճիշդ չէ, բայց կը փորձենք օգնել այնքանով, ինչքանով կը կարողանանք»,- ասել է Դաւիթ Բաբայեանը՝ եզրափակելով. «Կարեւորն այն է, որ մենք կիսում ենք բոլոր իրենց զգացմունքները»: