Աղբիւր՝ www.yerkir.am
Ա.Ժ.-ի խմբակցութիւնները՝ Հ.Հ.Կ.-ն, Բ.Հ.Կ.-ն, Հ.Ա.Կ.-ը, Հ.Յ.Դ.-ն, Ժառանգութիւնը, Օ.Ե.Կ.-ը համատեղ յայտարարութիւն են տարածել, որում մասնաւորապէս ասւած է․ «Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարւած մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիւերսիոն գործողութիւններ իրականացնել, տարբեր տրամաչափի զէնքերից պարբերաբար գնդակոծւում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը ձգտում է օգտւել աշխարհաքաղաքական նոր իրողութիւններից եւ նման արկածախնդիր յարձակումներով ձախողել Լ.Ղ.Հ.-ի հիմնահարցի խաղաղ կարգաւորման հնարաւորութիւնը: Ադրբեջանի ղեկավարութեան` իրավիճակին ոչ համարժէք եւ անպատասխանատու կեցւածքը հակասում է Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի եւ միջազգային հանրութեան` հակամարտութիւնը խաղաղ բանակցութիւնների միջոցով լուծելու սկզբունքին: Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրւած պատասխան գործողութիւնների շնորհիւ հակառակորդը յետ է շպրտւել` տալով զոհեր եւ վիրաւորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինւորներն ապացուցեցին, որ մշտապէս համարժէք պատասխանով Ադրբեջանին թոյլ չեն տալու ռազմական գերակշռութեան հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինւորը ցոյց տւեց իր մարտական բարձր պատրաստականութիւնն ու անմնացորդ նւիրւածութիւնը հայրենիքի պաշտպանութեան գործին: Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհւած հերոսների կորուստը եւ ցաւակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:
Ստեղծւած իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրութեան համախմբւածութիւնը Հայաստանի զինւած ուժերի շուրջ՝ Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի խմբակցութիւնները կոչ են անում.
Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի հանրապատեութեան եւ Ադրբեջանի հանրապետութեան սահմանագծից դիպուկահարների յետ քաշման, միջադէպերի քննութեան եւ ժողովուրդների միջեւ ատելութիւն սերմանող յայտարարութիւնների եւ գործողութիւնների բացառման ուղղութեամբ:
Միջազգային կազմակերպութիւններին եւ պետութիւններին` հրաժարւել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջեւ հաւասարութիւն դնող մօտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտւած նախայարձակ ու սադրիչ գործողութիւնները: Դադարեցնել ռազմական արկածախնդրութեան հակւած Ադրբեջանին մեծաքանակ սպառազինութեան վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղութիւն հաստատելու ջանքներին:
Միաժամանակ յայտարարում ենք, որ եթէ Ադրբեջանի ղեկավարութիւնը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձութիւնների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատւութիւնը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինւորը ապացուցել եւ ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը: Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի խմբակցութիւնները միասնական են հայոց բանակին եւ մեր զինւորներին սատարելու հարցում»։