Աղբիւր՝ www.asbarez.com

 

Նախորդ տարի ընթացք առած Ազգային պետական վիճակախաղ ծրագիրը բաւական յաջող ընթացք ու լաւ արդիւնքներ արձանագրեց: 2013-ին վաճառւել է 260,000-ից աւելի վիճակախաղի տոմս, եղել է 340-ից աւելի շահող: Որպէս նւէր տրամադրւող գորգերն արդէն յանձնւել են իրենց տէրերին, իսկ Քաշաթաղի Իշխանաձոր շրջանում կը կառուցւեն 10 առանձնատուն: Այս տւեալները «Նիւթ»-ի թղթակցին տրամադրել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանը: Փոխվարչապետը լրագրողին ներկայացրել է Ազգային պետական վիճակախաղի նպատակները, ընթացքն ու ձեռքբերումները:

«Ազգային պետական վիճակախաղը երկու ռազմավարական ծրագրի իրականացման նպատակ ունի: Առաջինն՝ աշխատատեղերի ստեղծումն է: Մենք այս նախաձեռնութեամբ խրախուսում ենք արցախեան այն արտադրութիւնները, որոնք մշակոյթի մաս են կազմում եւ կարող են դառնալ շահումային ֆոնդի իրեր՝ մասնաւորապէս արցախեան գորգերը կամ թթի օղու տակառը: Դրանով խրախուսում ենք ե՛ւ տեղական արտադրութիւնը, ե՛ւ մշակութային արժէքները, ե՛ւ աշխատատեղերի ստեղծումը: Ազգային պետական վիճակախաղի միայն առաջին խաղարկութեամբ գորգագործութեան բնագաւառում 2013 թւականին ստեղծւել է 146 աշխատատեղ: Երկրորդ ռազմավարական ծրագիրը, որ կեանքի ենք կոչում՝ վերաբնակեցման կարեւոր ծրագիրն է: Այդ մեծ, պատասխանատու գործի մէջ վիճակախաղը ստանձնել է գիւղեր ընտրելու, այնտեղ առանձնատներ կառուցելու պատասխանատւութիւն»,- յայտնել է նա։

Խօսելով այս աշխատանքի նպատակի մասին՝ Աղաբեկեանը դիտել է տւել. «Նպատակն է՝ ունենալ համայնքներ, որտեղ կապրի 1000 եւ աւելի բնակիչ: Վիճակախաղի օրէնքով վիճակախաղում ձեւաւորւած ռեսուրսի՝ իրացւած տոմսերից եկած գումարի առնւազն 50 տոկոսը պէտք է հանդիսանայ շահումային ֆոնդ, իսկ մնացած 50 տոկոսը՝ այլ ծախսեր: Ազգային պետական վիճակախաղը մեծ ծախսեր չունի, մենք ընդամենը ունենք 10 տոկոս միջնորդավճար այն առանձին անհատների կամ իրաւաբանական անձերի համար, որոնք իրացնում են մեր տոմսերը, եւ մի քանի տոկոս կազմակերպչական ծախսեր: Մնացած գումարը պետական բիւջէ է մուտքագրւում եւ ուղղւում վերաբնակեցման ծախսերին»:

Նա աւելացրել է. «2014-ի նախաձեռնութիւնն արդէն կեանքի է կոչւել, այսօր հայ մամուլում իրացւում են վիճակախաղի տոմսերը, իսկ խաղարկութիւնը կը կայանայ այս տարւայ դեկտեմբերի 28-ին՝ Արցախի համար խորհրդանշական օր՝ Առաջին գերագոյն խորհրդի ընտրութիւնների օրը: Այն շրջանառութեան է դրւել մէկ այլ խորհրդանշական օր՝ մայիսի 9-ին:

Հաւաքուած գումարով նորից շարունակելու ենք Իշխանաձորում առանձնատների կառուցումը: Մէկ վիճակախաղի տոմսն արժէ 2000 դրամ: Այսինքն՝ փոքր ներդրմամբ կոլեկտիւ պատասխանատւութեան ենք հրաւիրում մեր հայրենակիցներին: Մարդը, ձեռք բերելով վիճակախաղի տոմս, իր մասնակցութիւն է ունենում ե՛ւ վերաբնակեցմանը, ե՛ւ մշակութային արժէքների պահպանմանը»,- եզրափակել է Արթուր Աղաբեկեանը: